Շվեյցարիայում Ամանորի նախաշեմին բարում տեղի ունեցած և 40 մարդու կյանք խլած հրդեհի զոհերի թվում 14 և 15 տարեկան դեռահասներ կան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Վալեի ոստիկանությունը հայտնել է, որ պարզել է Կրան-Մոնտանայի հրդեհի հետևանքով զոհված ևս 16 մարդու ինքնությունը։ Պատահարը Շվեյցարիայի նորագույն պատմության ամենասարսափելի աղետներից է։

Ըստ Վալեի ոստիկանության, նոր նույնականացվածների թվում կան 10 շվեյցարացի, երկու իտալացի, իտալա-էմիրաթական քաղաքացիություն ունեցող մեկ անձ, մեկ ռումինացի, մեկական քաղաքացի Ֆրանսիայից և Թուրքիայից։ Անունները չեն հրապարակվում։ Այս պահին նույնականացված ամենափոքր զոհը շվեյցարացի 14-ամյա աղջիկ է, զոհվածների թվում են նաև երկու 15-ամյա շվեյցարացի աղջիկներ։

Ըստ իրավապահ մարմինների, հունվարի 4-ին հայտնաբերված մյուս տասը մարմինները 16-18 տարեկան դեռահասներ են։

Զոհերի թվում նույնականացվել են նաև 20 և 31 տարեկան երկու շվեյցարացի և Ֆրանսիայի 39-ամյա մի քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը պարզել է Շվեյցարիայի հարավում գտնվող լեռնային առողջարանում հրդեհի հետևանքով զոհված 24 մարդու ինքնությունը։