Եվրոպական միությունը չի ճանաչում Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը, սակայն կշարունակի նպատակաուղղված փոխգործակցություն ապահովել Վենեսուելայի իշխանությունների հետ՝ ելնելով սեփական շահերից։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը բազմիցս կրկնել է, որ Վենեսուելայի իշխանություններն իրենց մանդատը ստացել են «այնպիսի ընտրական գործընթացի արդյունքում, որի ընթացքում հաշվի չի առնվել ժողովրդի՝ ժողովրդավարական փոփոխությունների հասնելու կամքը»։

«Այսպիսով, երեկ, ինչպես նաև այսօր մենք ընդգծել ենք, որ Վենեսուելայի ապագան պետք է հստակորեն սահմանվի ներառական երկխոսության շրջանակներում, որը կտանի դեպի ժողովրդավարական վերափոխումների և հետևաբար, կներառի բոլոր այն դերակատարներին, ովքեր հավատարիմ են ժողովրդավարությանը, այդ թվում՝ ընդդիմության ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին: Այն, ինչ մենք կանենք այս դեպքում, նույնն է, ինչ արել ենք մինչ այժմ. չնայած այն բանին, որ մենք չենք ճանաչել նախագահ Մադուրոյի լեգիտիմությունը և նույնը վերաբերում է Դելսի Ռոդրիգեսին, սակայն մենք կշարունակենք Վենեսուելայի իշխանությունների հետ նպատակաուղղված փոխգործակցությունը՝ մեր սեփական շահերը և մեր սեփական սկզբունքները պաշտպանելու համար», — նշել է Հիփերը: