Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատանքի նոր ձևաչափ է փնտրում և հանձնարարել է կազմել ԱՀԾ ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների ցանկը, որը պետք է կազմվի Ուկրաինայի նախագահի գրասենյակի նոր ղեկավարի ընտրության ձևաչափով։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ Զելենսկին ԱՀԾ ղեկավարի պաշտոնում փնտրում է կա՛մ դիվանագետի, կա՛մ զինվորականի, կա՛մ պրոֆեսիոնալ հետախույզի՝ կախված այն բանից, թե հետագայում ինչ ձևաչափով է աշխատելու Ծառայությունը։

«Օրինակ՝ Դմիտրի Կուլեբան ավելի շատ հետախուզության միջոցով դիվանագիտության մասին է։ Նախագահը մտածում էր նաև Բիլեցկու մասին (3-րդ բանակային կորպուսի հրամանատար - խմբ.), նա լավ կազմակերպիչ է, կարողանում է կառավարել բարդ ուղղությունները և կարող է ստեղծել ԱՀԾ-ի ավելի մարտական տարբերակ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել «Մոսադի» մեր տարբերակը, որը կկարողանա բռնել թշնամուն ցանկացած վայրում», - պատմել է աղբյուրը։

Զրուցակիցը նաև հավելել է, որ մնում է նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վասիլի Մալյուկի տարբերակը, ով նախկինում մերժել էր նման առաջարկը, սակայն կարող էր փոխել իր կարծիքը և ԱՀԾ-ում ավելի շատ կենտրոնանալ ասիմետրիկ գործողությունների վրա։

«Նախագահն ակնկալում է թեկնածուների նման ցուցակ և կողմնորոշվելու է նրանց հետ զրույցների արդյունքում։ Որովհետև մենք հասկանում ենք, թե ինչ կարող է անել Գլխավոր հետախուզական վարչությունը (ԳՀՎ) և նախագահը ցանկանում է տեսնել, թե ինչ ներուժ ունի ԱՀԾ-ն», - ասել է զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, իշխանության ներսում շարունակվում են կադրային փոփոխությունները: Կիրիլ Բուդանովը Գլխավոր հետախուզական վարչությունից տեղափոխվել է նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնին, իսկ Սերգեյ Կիսլիցան դարձել է նրա առաջին տեղակալը:

Վասիլի Մալյուկը հրաժարական է տվել, իսկ հատուկ ծառայությունը ժամանակավորապես գլխավորել է Եվգենի Խմարան: Այդուհանդերձ, Մալյուկի ազատման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի խորհրդարանը:

Բացի այդ, նախագահ Զելենսկին առաջին փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովին առաջարկել է ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը: Սակայն նրա թեկնածությունը պետք է հաստատվի Գերագույն ռադայի կողմից:

Միևնույն ժամանակ, Դենիս Շմիգալին առաջարկել են գլխավորել Էներգետիկայի նախարարությունը, ինչպես նաև զբաղեցնել առաջին փոխվարչապետի պաշտոնը: