ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագծին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատի անդամ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լինդսի Գրեմը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նա «արդյունավետ» հանդիպում է ունեցել ամերիկյան առաջնորդի հետ, որից հետո վերջինս «կանաչ լույս» է վառել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական օրինագծի համար։ Գրեմը հիշեցրել է, որ ինքը ամիսներ շարունակ աշխատել է այդ փաստաթղթի վրա՝ սենատոր Ռիչարդ Բլումենթալի և «շատ ուրիշների» հետ։
Հանրապետականը նաև նշել է, որ ակնկալում է «ուժեղ» երկկուսակցական քվեարկություն: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ այն տեղի կունենա հաջորդ շաբաթ։





























