Թաիլանդը հետաքրքրված է Մյանմայում խաղաղության հաստատմամբ և հույս ունի, որ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կնպաստեն խաղաղության գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն և մամուլի խոսնակ Նիկոնդետ Փհալանգկունը։

«Որպես հարևան երկիր՝ մենք Մյանմայում ցանկանում ենք երկարատև խաղաղություն տեսնել։ Մենք հույս ունենք, որ վերջին ընտրությունները և դրանց առաջիկա երկու փուլերը կարևոր քայլեր կլինեն քաղաքական անցման ուղղությամբ և կնպաստեն Մյանմայում խաղաղության գործընթացին», - ասել է նա։

Մյանմայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում քվեարկել է ընտրողների 52%-ը։ Երկրորդ և երրորդ փուլերը կանցկացվեն հունվարի 11-ին և 25-ին։

2021 թվականի փետրվարի 1-ին Մյանմայում ռազմական հեղաշրջումից հետո բռնկված քաղաքացիական հակամարտության հետևանքների պատճառով ընտրական գործընթացը կազմակերպվել է երկրի 330 շրջաններից 265-ում: Առաջին փուլում քվեարկությունը տեղի է ունեցել 102, երկրորդում՝ 100, իսկ երրորդում՝ 63 շրջաններում: Առաջին փուլից հետո առաջատարը Միության համերաշխության և զարգացման կուսակցությունն է (USDP), որը զբաղեցնում է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) 40 տեղերից 38-ը: