Իսրայելը մտադիր է «կարգուկանոն հաստատել» երկրի հարավում գտնվող Նեգև անապատում և կտրուկ արագացնել տարածաշրջանի բնակեցման տեմպերը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Արևմտյան Նեգև կատարած աշխատանքային այցի ժամանակ, որը տեղի է ունեցել հրեա բնակչության և անապատում ապրող բեդվինների միջև լարվածության աճի ֆոնին։
Այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են կառավարության մի քանի անդամներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, ինչպես նաև մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնել են վարչապետի գրասենյակից։ Նրա խոսքով՝ պատվիրակությունը ժամանել է «մեկ նպատակով՝ Նեգևը վերադարձնել Իսրայել պետությանը»։
«Սա նշանակում է նախկինում չտեսնված մասշտաբներով բնակեցում, սա նաև նշանակում է բեդվին բնակչության կարիքների ապահովում։ Բայց առաջին հերթին սա օրենքի և կարգուկանոնի վերականգնում է։ Նեգևում անօրինականություն է տիրում։ Մենք կզսպենք այն և արդեն սկսվել է Իսրայելի ոստիկանության խոշոր գործողությունը, որն իրականացվում է այլ ուժերի հետ համատեղ կերպով: Դա անելու համար մենք պետք է հասկանանք, որ հանցավոր և անվտանգության սպառնալիքները միավորվել են՝ տասնյակ հազարավոր զենքեր, սահմանները հատող անօդաչու թռչող սարքեր և այլ սպառնալիքներ:», - հայտարարել է վարչապետը։
Նա նշել է, որ այս բոլոր նպատակների իրագործումը կամրագրվի ազգային նախագծի մակարդակով։ Առաջնահերթ խնդիրը «Նեգևում պետական կառավարման վերականգնումն է», մատնանշել է Նեթանյահուն։ «Սա բարձրագույն կարգի ազգային առաքելություն է», - համոզված է նա։
Նեգևը զբաղեցնում է Իսրայելի տարածքի ավելի քան կեսը։ Անապատով անցնում է Եգիպտոսի հետ սահմանը և այնտեղ դեպի Գազայի հատված տարվող զենքի մաքսանենգության փորձեր են գրանցվում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Այս անապատային տարածաշրջանի բնակչության մոտ 25%-ը (շուրջ 300 հազար մարդ) կազմում են բեդվինները՝ կիսաքոչվոր արաբական ցեղերը։ Նրանցից շատերն ապրում են բնակավայրերում, որոնք պաշտոնապես գրանցված և ճանաչված չեն Իսրայել պետության կողմից, ինչը տարածաշրջանում անհանգստության գործոններից մեկն է։





























