Մենք նոր դոկտրինով տարածքային զարգացումը ընդգծում ենք որպես տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչ. պետությունը որդեգրում է տարածքային մասնագիտացման մոտեցումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք տարածքային զարգացման տրամաբանության մեջ, պետք է նույնականացնենք այն առանձնահատուկ հնարավորությունները, որոնք հատուկ են տվյալ տարածքին, կլինի դա մարզի մասշտաբով, համայնքի կամ գյուղի մասշտաբով։ Ընդհանուր առմամբ մենք ունենք քաղաքականություններ, որոնք կիրառելի և արդյունավետ կարող են լինել բոլոր տեղերում, մասնավորապես բոլոր տեղերում պետք է լինի ճանապարհ, ոռոգման ջուր, խմելու ջուր և այլն, բայց այնուամենայնիվ ամեն առանձին վերցրած համայնք, մարզ, բնակավայր կարող է ունենալ զարգացման որոշակի յուրահատուկ ուղի ընտրելու տրամաբանություն, որի դեպքերը արդեն իսկ կան։ Ամենահայտնի օրինակը Արենի համայնքն է, որը կենտրոնացած է գինու արտադրության վրա։ Զարգացման ռազմավարություններ և մարտավարություններ որդեգրելիս մենք պետք է այս առանձնահատկությունները հաշվի առնենք։

Սրա հետ անուղղակի և ուղղակի կերպով կապվում է Հայաստանը օտարերկրյա մասնագետների համար գրավիչ միջավայր դարձնելու օրակարգը։ Վերջերս մենք մասնավոր հատվածի հետ քննարկումներում դուրս ենք բերել մի կարևոր օրակարգ. ժամանակակից աշխարհում ձևավորվում է գլոբալ այնպիսի ուղղություն, որը անվանվում է digital nomad կամ թվային քոչվոր, երբ գլոբալացման և տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, մարդկանց տնտեսական և աշխատանքային գործունեություն ծավալելու համար շատ հաճախ պետք չի կապված լինել կոնկրետ վայրի, կոնկրետ գրասենյակի հետ։ Երկարաժամկետ կապվածության հանգամանքը, հաղթահարվում է և նոր սովորություններ են ձևավորվում, մարդը նախընտրում է աշխատել տարբեր երկրներում, տարբեր բնակավայրերում, տարբեր միջավայրերում, որտեղ գտնվելու ժամանակահատվածը կախված կլինի այն պայմանների հարմարավետությունից, որը երկրում առկա է։

Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի մեծ պոտենցիալ կա, մանավանդ, որ մենք ինտերնետի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում մեծացրել ենք, այսօր գործնականում Հայաստանում չկա մի ձորակ, մի անտառ, մի պուրակ, մի լեռ, մի գետ, մի լիճ, որտեղ չկա ինտերնետ։ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ գործում է Ստալինգ արբանյակային ինտերնետը։

Իմիջիալոց մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում գաղափար առաջացավ և ես հանձնարարել եմ, որ այդ թեման ավելի մանրամասն քննարկվի, որովհետև հիմա երկրները թողարկում են հատուկ վիզային ռեժիմ, դիջիտալ նոմադների համար և մենք պետք է նույնպես քննարկենք առնվազն այս մոտեցումը որդեգրելու, երբ որ թվային նոմադների համար տրվում են որոշակի ժամկետով հեշտացված վիզաներ, որպեսզի նրանք իրենց ճամփորդությունը ավելի հեշտությամբ իրականացնեն, և իհարկե զբոսաշրջային ենթակառուցվածքները հատուկ նշանակություն ունեն այս տեսակետից»,– ընդգծեց նա։