Ինդոնեզիան շաբաթ օրը ժամանակավորապես արգելափակել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Grok չատ-բոտը՝ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված պոռնոգրաֆիական կոնտենտի պատճառով, դառնալով առաջին երկիրը, որը մերժել է այդ գործիքի հասանելիությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Այս քայլը կատարվել է այն բանից հետո, երբ Եվրոպայից մինչեւ Ասիա կառավարություններն ու կարգավորող մարմինները դատապարտել, որոշ երկրներ էլ հետաքննություններ են սկսել հավելվածի սեռական կոնտենտի վերաբերյալ։ Grok-ի հետեւում կանգնած xAI սթարտափը հինգշաբթի հայտարարել էր, որ սահմանափակում է պատկերների ստեղծումն ու խմբագրումը վճարովի բաժանորդների համար՝ փորձելով շտկել անվտանգության թերությունները, որոնք հանգեցրել են սեռական բնույթի բացահայտ նյութերի, այդ թվում՝ կիսամերկ երեխաների պատկերների ի հայտ գալուն։ «Կառավարությունը չհամաձայնեցված սեռական դիփֆեյքերի պրակտիկան համարում է մարդու իրավունքների, քաղաքացիների արժանապատվության եւ թվային տարածքում անվտանգության լուրջ խախտում»,- հայտարարության մեջ ասել է կապի եւ թվային տեխնոլոգիաների նախարար Մեուտիա Հաֆիդը։ Նախարարությունը նաեւ կանչել է X-ի պաշտոնյաներին՝ հարցը քննարկելու համար։

Մասկը X սոցցանցում հայտնել է, որ Grok-ը անօրինական կոնտենտ ստեղծելու համար օգտագործող յուրաքանչյուր ոք կբախվի նույն հետեւանքներին, ինչ անօրինական կոնտենտ բեռնելու պարագայում։ xAI-ը պատասխանել է Reuters-ի էլեկտրոնային նամակին՝ մեկնաբանման խնդրանքով, ինչը, հավանաբար, ավտոմատ պատասխան էր. «Հնացած ԶԼՄ-ները ստում են»։

Ինդոնեզիայում, որտեղ ապրում է աշխարհի ամենամեծաթիվ մուսուլման բնակչությունը, գործում են խիստ կանոններ, որոնք արգելում են անպարկեշտ համարվող ինտերնետ կոնտենտի հրապարակումը։