Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինները արտակարգ դրություն հայտարարեն եղանակային պայմանների պատճառով, Լիտվայի բանակը պատրաստ է կատարել խաղաղ ժամանակի առաջադրանքներ եւ օգնել հաղթահարել ցանկացած մարտահրավեր, հաղորդել է LRT-ն։
«Մեր զինվորականները, օգտագործելով առկա սարքավորումներն ու ռեսուրսները, կարող են նպաստել ավելի անվտանգ միջավայրի ստեղծմանն այնտեղ, որտեղ այսօր դրա կարիքն ամենաշատն է»,- նշվել է պաշտպանության նախարարության շաբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ՝ հղում կատարելով նախարար Ռոբերտաս Կաունասին։
Նրա խոսքով, եթե տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ դրություն հայտարարեն, բանակը կկարողանա օգնություն ցուցաբերել քաղաքապետից գրավոր խնդրանք ստանալուց հետո։
Հայտարարության համաձայն՝ զինվորական ստորաբաժանումներընակտիվորեն մաքրում են ձյունն իրենց տարածքներում եւ շրջակայքում՝ նպաստելով ավելի անվտանգ երթեւեկությանը եւ հասարակական տրանսպորտին այն համայնքներում, որտեղ նրանք տեղակայված են։
BNS-ը տեղեկացրել է, որ Վիլնյուսի շրջանային վարչությունում ուրբաթ երեկոյան քննարկվել է արտակարգ դրություն հայտարարելու հարցը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Քաղաքապետ Ռոբերտ Դուխնեւիչի խոսքով՝ նման որոշում չի կայացվել, քանի որ սահմանված չափանիշները չեն պահպանվել։
Միեւնույն ժամանակ, քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքում իրավիճակը կայունացել է. փողոցները մաքրվել են շուրջօրյա, հասարակական տրանսպորտը գործում է անխափան, օգնություն է ցուցաբերվել ձյան մեջ մնացած մեծ բեռնատարներին, որպեսզի նրանք կարողանան ազատել ճանապարհները։
«Kelių priežiūra» պետական ընկերությունը հայտնել է, որ պետական նշանակության ճանապարհներին իրավիճակը շարունակում է մնալ բարդ։




























