Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6–ն է, երբ քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Միրզոյան–Ռուբիո համատեղ հայտարարությանը։

«Սա շատ կարևոր արձանագրում էր և ամեն ինչը սկսել է այդ կետից, որովհետև հենց այդ կետից է պրոցեսը դրվել մի այնպիսի բանաձևի մեջ, որ անխուսափելիորեն, իհարկե, տարբեր սցենարներ կարող էին լինել, նաև 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, դրա պատճառների մասին ես խոսել եմ։

Այս պրոցեսի հիմքում ուզում եմ ընդգծել նաև Եվրամիության նախագահի, նաև Մակրոնի դերը, Եվրամիության խորհրդի նախագահի դերը, որովհետև դրանից հետո շատ կարևոր մի բան տեղի ունեցավ: Հայաստանում տեղակայվեց ԵՄ քաղաքացիական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն։ Ես ուզում եմ, որ մենք այս իրադարձությունը հավուր պատշաճ չի գնահատենք, որովհետև դա որոշակի տարածություն բացեց Հայաստանի Հանրապետության համար ինքնահայեցման և մտածելու։

Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Մինչև այդ պահը ի՞նչ էր Հայաստանի Հանրապետության ռեժիմը.  Մենք, ինչպես Խրիմյան հայրիկի ժամանակներից ընդունված էր, գնում էինք մեծ դռներ ծեծելու՝ թղթե շերեփով, ստվարաթղթե շերեփով, արծաթագույն ներկած շերեփով, որպեսզի մետաղի տպավորություն թողնի և այլն։

Իհարկե, մեծ տերությունները և մեր միջազգային գործընկերները ունեն առանցքային նշանակություն, բայց մենք մի բան էլ պետք է հասկանանք, որ արտաքին քաղաքականության մեջ շատ ընդունված է, որ երբ տեսնում են, որ դու իրադրությունը այնքան էլ լավ չես հասկանում և գնահատում, սովորաբար ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, չեն ուզում անիմաստ լեզվակռվի և բանավեճի մեջ մտնել։ Մեր արձանագրումն այն էր, որ մեր պրոբլեմը մենք ինքներս պետք է հասկանանք և մենք պետք է որոշումներ կայացնենք, թե մենք ինչ ենք անում և ինչ ճանապարհով ենք գնում։ Այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը և աջակցությունը կլինի շատ ավելի կոնկրետ և շատ ավելի առարկայական»,–ասաց նա։