Գերագույն Ռադան կողմ է քվեարկել առաջին փոխվարչապետ, թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆեդորովին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուն։ Մինչ այդ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Դենիս Շմիգալը։

Ֆեդորովի թեկնածությանը կողմ է քվեարկել 277 պատգամավոր։

Ֆեդորովն ասել է, որ նոր պաշտոնում իր առաջին քայլը լինելու է Պաշտպանության նախարարությունում ֆինանսական աուդիտի անցկացումը. «Իմ առաջին խնդիրը Պաշտպանության նախարարությունում իրական ֆինանսական աուդիտ իրականացնելն է։ Մեր նպատակն է փոխել համակարգը՝ իրականացնել բանակային բարեփոխում, բարելավել ենթակառուցվածքներն առաջնագծում, արմատախիլ անել սուտն ու կոռուպցիան, առաջնորդությունն ու վստահությունը դարձնել նոր մշակույթ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարեսկզբին կադրային փոփոխություններ է նախաձեռնել կառավարությունում և ուժային կառույցներում։ Զելենսկու խոսքով՝ կառավարության և ուժային կառույցների կադրային «վերագործարկումը» կշարունակվի մինչև հունվարի վերջ, որից հետո նա կզբաղվի Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) փոփոխություններով։