Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել իր ձերբակալությանը խոչընդոտելու փորձի մեջ եւ դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, հաղորդել է Reuters-ը։

Քրեական գործը սկսվել է Յուն Սոկ Յոլի կողմից 2024թ․ դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու փորձի առնչությամբ։ Ռազմական դրությունը, որը նախագահը բացատրել է որպես «հյուսիսկորեական հակապետական ​​ուժերի ոչնչացման» անհրաժեշտություն, տեւել է ընդամենը մի քանի ժամ, մինչեւ խորհրդարանը չեղարկել է այն։ Շուտով խորհրդարանը քվեարկել է նախագահի իմփիչմենթի օգտին։ Յուն Սոկ Յոլին իշխանազրկել են, ապա ձերբակալել։

Դատարանը նաեւ Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել ռազմական դրություն մտցնելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերը չկատարելու մեջ։

Yonhap-ը հաղորդել է, որ դատախազները նախկին նախագահի համար պահանջել են 10 տարվա ազատազրկում։ Յուն Սոկեյոլին մեղավոր չի ճանաչել։

Դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել եւ կարող է բողոքարկվել։

Yonhap-ը գրել է, որ Յուն Սոկ Յոլի դեմ ընդհանուր առմամբ հարուցվել է ութ քրեական գործ՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի հետ։ Ձերբակալությանը խոչընդոտելու գործն առաջինն է, որի վերաբերյալ դատավճիռ է կայացվել։

Յուն Սոկ Յոլին, ի թիվս այլ բաների, մեղադրում են իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ։ Մեղադրող կողմը այս գործի համար մահապատիժ է պահանջել։ Դատավճիռը պետք է հրապարակվի փետրվարի 19-ին։