Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտակայքում գործող ավտովերանորոգման կետերից մեկում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են այնտեղ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենայի սեփականատերը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Տիգրան Հ.-ն է, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հրդեհի հանգամանքները։





























