Դատական երեք ատյաններում չորսուկես տարի տևած դատական գործընթացի արդյունքում օրինական ուժի մեջ է մտել «Մեդիսար» ՍՊԸ-ն ընդդեմ «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով հօգուտ NEWS.am լրատվական գործակալության կայացված դատական ակտը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործը: Նշենք, որ դատարանում լրատվամիջոցի շահերը ներկայացրել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի դեմ հայցադիմումը ներկայացվել էր դեռևս 2021 թ. հուլիսի 2-ին և առնչվում էր 2021թ. մայիսի 29-ին NEWS.am կայքում հրապարակված՝ «Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել, նոր փաստեր՝ կասկածելի գործարքից» վերտառությամբ հոդվածին:

NEWS.am–ը կատարած հետաքննության արդյունքում ուշագրավ տեղեկություններ էր պարզել և հրապարակել 2020 թվականի տարեվերջին առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ի կողմից պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ։ Գնման գործընթացը տեղի էր ունեցել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում։

Հրապարակումից հետո «Մեդիսար» ՍՊ ընկերությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողին հերքել հայցվորի վերաբերյալ «իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները, մասնավորապես՝ «ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար» և «Եվ, ի վերջո, մի՞թե արդարացված է հետպատերազմյան ճգնաժամի և սոցիալ-տնտեսական լուրջ դժվարությունների առջև հայտնված երկրի համար նման հոսքագծի ձեռքբերումը վստահել մի ընկերության, որը կարող է գերշահույթ ստանալ պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարումից: Կամ գուցե պետական պաշտոնյաները և՞ս ներգրավված են եղել այս գործընթացում և ստացել իրենց մասնաբաժի՞նը» արտահայտությունները և այն տեղադրել բոլոր այն հարթակներում, որոնցում դրանք տարածվել են», ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, վճարել 2.000.000 ՀՀ դրամ:

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, վճռել է «Մեդիսար» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության՝ իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները հերքել պարտավորեցնելու և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, մերժել: «Մեդիսար» ՍՊ ընկերությունից հօգուտ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Ընկերությունն, ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Վերաքննիչ դատարանն էլ՝ նախագահությամբ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի, քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ արձանագրել է, որ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերությունը, խնդրո առարկա հոդվածում ներկայացրել է իր կողմից ներկայացված տվյալների իսկությունը պարզելուն ուղղված գործողությունները՝ ըստ էության, ցուցաբերելով բարեխղճություն, փաստացի ներկայացնելով բացատրություններ հոդվածում շարադրվածի վերաբերյալ։ Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ լրագրողական գործունեությամբ զբաղվող ընկերությունը չի կրում պարտականություն կատարել հրապարակումներ բացառապես դրանում պարունակող տվյալների միանշանակ հաստատված լինելու պարագայում, հակառակ պարագայում նման կերպ անհարկի կսահմանափակվի լրագրողների կարծիք արտահայտելու ազատության իրավունքը՝ կանխորոշելով վերջիններիս կողմից ներկայացվող տեղեկատվական բազան։ Ինչ վերաբերում է 29.05.2021 թվականի հոդվածում առկա և հայցի հիմքում դրված արտահայտությանը, մասնավորապես. «(...) Եվ, ի վերջո, մի՞թե արդարացված է հետպատերազմյան ճգնաժամի և սոցիալ-տնտեսական լուրջ դժվարությունների առջև հայտնված երկրի համար նման հոսքագծի ձեռքբերումը վստահել մի ընկերության, որը կարող է գերշահույթ ստանալ պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարումից (...)», ինչպես նաև 30.05.2025 թվականի հոդվածում արված արտահայտությանը, մասնավորապես. «(...) մատակարար ընկերությունը գնման գործընթացի արդյունքում առնվազն 111 մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահույթ (վերադիր) է ստացել։ (...)» Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ վերոնշյալ արտահայտությունները կրում են պատասխանողի կողմից բարձրաձայնված փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ հոդվածում մատնանշված դեպքի և հայցվորի և այլ մատնանշված անձանց վարքագծի վերաբերյալ։

«Թեև նման արտահայտությունները կրում են քննադատողական և բացասական բնույթ, սակայն որպես այդպիսին չեն արատավորում հայցվորի բարի համբավը, քանի որ հոդվածի ամբողջ համատեքստից է բխում, որ դրանք, ըստ էության, հանդիսանում են տարբեր աղբյուրներից հայտնի փաստական հանգամանքների վերլուծությամբ արտահայտված կարծիք՝ ձեռքբերված սարքավորումների, դրանց արժեքային տարբերությունների և ստացված շահույթի մասին»,-արձանագրել է Վերաքննիչ դատարանը:

Ավելին, դատարանը հարկ է համարել  անդրադառնալ գերշահույթը եզրույթին, արձանագրելով, որ տվյալ հասկացությունը սահմանված չէ օրենսդրական մակարդակում, միևնույն ժամանակ այն չի ենթադրում բացառապես ոչ օրինաչափ եղանակով ձեռք բերված շահույթ, այլ ինչպես բողոքաբերը ինքն է նշել վերաքննիչ բողոքում՝ կապիտալիստական շահույթի միջին նորման գերազանցող շահույթն է, որը կարող է ձևավորվել նաև ձեռնարկատիրական գործունեության սովորական պայմաններում և ենթադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձի սովորական շահույթը գերազանցող շահույթ։ Ըստ այդմ, նման արտահայտությունը չի կրում հայցվորին արատավորող բնույթ։

Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է, ուստի սույն պարագայում, երբ պատասխանողի կողմից հոդվածում չի ներկայացվել որևէ զրպարտչական բնույթի արտահայտություն, այլ խոսքը վերաբերում է հայցվորի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում ձևավորված շահույթի մասով պատասխանողի արտահայտած կարծիքին, դատողություններին։

Այս և մի շարք այլ պատճառաբանությունների հիման վրա Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 1-ի որոշել է մերժել ընկերության հայցը՝ համարելով, որ վերաքննիչ բողոքն անհիմն է և չի կարող հիմք հանդիսանալ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտի բեկանման համար:

Վերաքննիչ դատարանում պարտությունից հետո «Մեդիսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դիմել է նաև Վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը՝ Գոռ Հակոբյանի նախագահությամբ, 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ առանց քննության է թողել «Մեդիսար» ՍՊԸ-ն ընդդեմ «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշման դեմ «Մեդիսար» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Այսպիսով օրինական ուժի մեջ է մտել հօգուտ NEWS.am-ի կայացված արդարացի դատական ակտը: