Չի կարելի համեմատել ազատության մեջ գտնվող անձանց և կալանավորված անձանց իրավունքները։ Այս մասին դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը՝ մեկնաբանելով պատարագներին և հաղորդությանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասնակցությունը մերժելու փաստը։
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչու է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը զրկված այդ հնարավորությունից, փոխնախարարը պատասխանել է, որ տեղյակ չէ տվյալ իրավիճակի մանրամասներին։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել հաշվի առնել խափանման միջոցի առկայության փաստը։ «Պետք է հաշվի առնել, որ խոսքը խափանման միջոցի մասին է, որն ինքնին ենթադրում է մարդու իրավունքների որոշակի սահմանափակում։ Մենք չենք կարող համեմատել այն անձին, ում նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, ազատության մեջ գտնվող անձի և նրա սահմանադրական իրավունքների հետ», - ասել է Դադունցը։
Ավելին, նրա կարծիքով, բուժման պայմաններում Աջապահյանը պարզապես չի կարողանա իրացնել կրոնական ազատության և պատարագին մասնակցելու իր իրավունքը։ «Բացի այդ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել այդ հարցը։ Համենայն դեպս, եթե Թովմասյանը կարծում է, որ գործող օրենսդրության մեջ կամ դրա կիրառման հարցում կան որոշակի բացեր», - հավելել է նախարարի տեղակալը:
Ավելի վաղ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտնել էր, որ մերժել են Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակաշրջանում պատարագներին մասնակցելու և հաղորդություն ստանալու իր խնդրանքը։





























