Իրավապահները եզրահանգել են, որ տասն օր առաջ Մասիսում վարչապետի մասնակցությամբ պատարագին քաղաքացուն իր կամքին հակառակ չեն բերել:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վարույթ չնախաձեռնելու որոշում է  կայացվել:

«2026 թվականի հունվարի 15-ին քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի իրավակարգավորումներով»,–ասացին դատախազությունից։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Վեդիի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ընկերության աշխատակիցը լրագրողներին պատմել էր, թե իրենից պահանջել են, որ հասնի Մասիս և մասնակցի պատարագին, և ինքը հիվանդանոցից դուրս է եկել ու եկել։ Մի փոքր անց, նա պնդել է, թե իր կամքով է եկել. «Ես էլ հիվանդանոցից եմ եկել, հիմա նորից պտի հետ գնամ հիվանդանոց: Ես դուրս եմ գրվել հիվանդանոցից, էկել եմ, էկել եմ տուն, նոր էկել եմ ստեղ»:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս առնչությամբ հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել Գլխավոր դատախազություն: Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ  կասկածներ ունի, որ հանցագործություն է տեղի ունեցել. քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ՝ հարկադրված, խախտվել է Քրեական օրենսգրքի՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը:

«Հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ, պահանջել են, որ գամ». Վեդիի կոմունալ բաժնի աշխատակից