Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն այս պահին դեռ չի ավարտվել։ Այս մասին NEWS.am—ին հայտնեցին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնic:

«Սրտի վիրահատությունը կեսօրին մոտ է սկսվել, բայց քանի որ այն բաց վիրահատություն է, դեռ չի ավարտվել»,–ասացին հիվանդանոցից։

Այս պահին հիվանդանոցում են Վագիֆ Խաչատրյանի կինը և 2 դուստրերը, նաև այլ հարազատներ։ Նրանք զերծ են մնում այսօր որևէ հայտարարությամբ հանդես գալուց, հարցազրույցներ տալուց։

Թե երբ կավարտվի վիրահատությունը, հիվանդանոցից հստակ ժամ չեն կարող նշել։

Հիշեցնենք, որ հունվարի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։

Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։