Ուրբաթ տեղի կունենա ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստը՝ քննարկելու համար Ուկրաինայում միջուկային անվտանգության իրավիճակի հետ կապված հարցը։

Մի քանի երկրներ ավելի վաղ «անհանգստություն» էին հայտնել ուկրաինական ատոմակայաններում անկայուն իրավիճակի հետ կապված։

Էլեկտրաէներգիայի մատակարարումը ուկրաինական ատոմակայաններում քանիցս խախտվել է ուկրաինական էներգետիկ հատվածին հասցված հարվածներից հետո։

Գրոհների շարքից հետո 13 երկրներ՝ Նիդեռլանդների գլխավորությամբ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խորհրդից պահանջել են «նիստ գումարել՝ կապված Ուկրաինայի վերջին իրադարձությունների եւ դրանց հետեւանքների հետ՝ միջուկային անվտանգության առումով։

«Վերջին գրոհները զգալի լրացուցիչ վնաս են պատճառել Ուկրաինայի էներգետիկական ենթակառուցվածքին, որը համարվում է կենսականորեն անհրաժեշտ ատոմակայանների անվտանգ շահագործման համար»,- ավելացվել է նամակում։

Անցած շաբաթ Չեռնոբիլի ԱԷԿ-ը ժամանակավորապես կորցրել է սնուցման բոլոր արտաքին աղբյուրները։

Եվրոպայի ամենամեծ էլեկտրակայանը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը, որը զավթել են ռուսական զորքերը 2022թ. մարտից, նույնպես բազմիցս ենթարկվել է մարտական գործողությունների ազդեցությանը։