Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի Վլադիկավկազ քաղաք – Լարս բնակավայր հատվածում ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնում է 15-й регион գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությամը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականները՝ 2026 թվականի հունվարի 31-ի ժամը 23։50-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվել է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք – Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,— նշված է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից Թբիլիսի է տանում Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Հայաստանի հետ։ Ճանապարհի ռուսաստանյան հատվածն անցնում է Հյուսիսային Օսիայով։