Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի բարում Ամանորի նախօրեին տեղի ունեցած հրդեհից տուժած դեռահասը մահացել է հիվանդանոցում, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղի դատախազությանը։

«Հունվարի 31-ին Ցյուրիխի հիվանդանոցում մահացել է Շվեյցարիայի 18-ամյա քաղաքացի»,— ասված է Վալե կանտոնի դատախազ Բեատրիս Պիլյուդի հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ այս փուլում հավելյալ տեղեկություններ չեն հրապարակվում։

Կրան-Մոնտանայի Le Constellation բարում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է նաև 116 մարդ։ Այս հաստատությունը հայտնի է որպես հանգստավայրի երիտասարդների սիրելի վայր, որտեղ ալկոհոլ օգտագործելու տարիքային շեմը 16-ն է։

Հրդեհի զոհերի մեծ մասը երիտասարդներ են. նրանցից ութը չէր բոլորել 16 տարին, շատերը դեռ բուժվում են հիվանդանոցներում՝ ստանալով ծանր այրվածքներ։ Շվեյցարիայի քաղաքացիական պաշտպանության դաշնային վարչությունն ուրբաթ AFP-ին հայտնել է, որ երկուշաբթի օրվա դրությամբ 44 տուժած բուժում է ստանում արտերկրում։ Նրանցից 18-ը՝ Ֆրանսիայում, 12-ը՝ Իտալիայում, 8-ը՝ Գերմանիայում և 6-ը՝ Բելգիայում։ Վալեի առողջապահության նախարարությունը լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկուշաբթի օրվա դրությամբ Շվեյցարիայի հիվանդանոցներում դեռևս կար 37 տուժած։

Քննության նախնական արդյունքների համաձայն, հրդեհը բռնկվել է շամպայնի շշերին ամրացված բենգալյան կրակներից, որոնցից բոցավառվել է բարի նկուղի առաստաղը պատող ձայնամեկուսիչ փրփուրը։ Իշխանություններն ընդունել են, որ հինգ տարվա ընթացքում բարում անվտանգության ստուգումներ չեն անցկացվել։

Իշխանությունները բարի սեփականատերերին՝ Ժակ և Ջեսիկա Մորետիներին, մեղադրում են անզգուշությամբ մահ պատճառելու, անզգուշությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու և անզգուշությամբ հրդեհ առաջացնելու մեջ։ Քրեական գործ է հարուցվել նաև համայնքի հանրային անվտանգության դեպարտամենտի ղեկավարի և հակահրդեհային անվտանգության նախկին տեսուչի դեմ։

Շվեյցարական դատարանը Ջեսիկա Մորետիի նկատմամբ կիրառել է ճամփորդությունների արգելք՝ որպես նախնական կալանքին այլընտրանք։ Նա հանձնել է անձնագիրը և պարտավորվել ամեն օր ներկայանալ ոստիկանություն։ Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ զղջում է «անհավանական ողբերգության» համար։ Ժակ Մորետին կալանքի տակ է 90 օր նախնական ժամկետով։