Հայաստանում առաջ է եկել զինծառայողների պարտադիր ատեստավորման կարգի վերանայման անհրաժեշտություն։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Նախարարը նշել է, որ ատեստավորման համակարգի վերլուծության արդյունքները, մասնավորապես, ցույց են տվել, որ զինծառայողի ծառայության առաջին նշանակման ժամանակ պարտադիր ատեստավորման պահանջը կորցրել է ակտուալությունը։ «Սա հատկապես վերաբերում է «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակիցներին, ովքեր անհրաժեշտ ուսուցումն ավարտելուց հետո ստացել են համապատասխան պաշտոններ Զինված ուժերի տարբեր կառույցներում։ Այսուհետ նրանք կազատվեն ատեստավորման քննություններից։ Բացի այդ, տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում ուսուցում անցած սպաները նույնպես կհամարվեն ատեստավորումը հանձնած՝ ստացված գնահատականների հիման վրա։ Երկու դեպքում էլ աշխատավարձի հավելավճարներ կգումարվեն համապատասխան պաշտոններում նշանակվելու օրվանից»,- նշել է Պապիկյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հայտնել է, որ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մոտ 4 000 մասնակից այժմ դարձել է պայմանագրային զինծառայող։ Այս թիվն աճում է։ «Պայմանագրային ծառայության հինգ տարին լրանալուց հետո զինծառայողները նոր պայմանագրեր կնքելիս կունենան լրացուցիչ միանվագ պարգեւավճար՝ 1.5 միլիոն դրամ երկու տարվա եւ 5 միլիոն դրամ հինգ տարվա համար»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունները նպատակ ունեն լրացուցիչ խթաններ ստեղծել 24 եւ 25 տարեկան զինծառայողների համար։ «Սա մեզ թույլ կտա արագացնել պրոֆեսիոնալ բանակի կառուցման գործընթացը։ 30 տարեկան դառնալուց հետո զինծառայողների այս կատեգորիան հնարավորություն կունենա շարունակել ծառայությունը»,- ավելացրել է ՊՆ ղեկավարը։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի կողմից։