Երկրի պատմությունը միլիարդավոր տարիներ է հաշվում. այդ ընթացքում մեր մոլորակը դարձել է բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ օձերի տունը: Կախված տեսակից՝ օձերն ունեն բազմաթիվ հետաքրքիր հարմարվողականություններ. օրինակ՝ որոշները զարգացել են ծառերի վրա ապրելու համար, մյուսները հարմարվել են անապատային դաժան կլիմայում գոյատևելուն: Այդուհանդերձ, բոլորի համար ընդհանուր է մեկը. օձերի բոլոր տեսակները ոտքեր չունեն, գրում է IFLScience-ը։
Հայտնի է, որ օձերի նախնիները, ինչպես մողեսները, ունեցել են վերջույթներ, բայց ինչ-որ պահի կորցրել են դրանք, հայտնում է Focus-ը։ Ինչպե՞ս և ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Ենթադրվում է, որ օձերը կորցրել են իրենց ոտքերը մոտ 100-150 միլիոն տարի առաջ: Սակայն մինչև օրս քննարկվում է՝ արդյոք նրանց նախնիները ցամաքային են եղել, թե՞ ջրային կենսակերպ են վարել:
Տեսություններից մեկն այն է, որ ժամանակակից օձերի նախնիները կորցրել են վերջույթները հողի տակ՝ բնի մեջ ապրելուն հարմարվելու ընթացքում: 2015 թվականի հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են կավճի դարաշրջանում ապրած Dinilysia patagonica օձին և ենթադրել, որ ներքին ականջի կառուցվածքի պատճառով այս օձն ավելի շատ ընդհանրություններ է ունեցել բներ փորող սողունների, քան ջրային տեսակների հետ։ Սա վկայում է, որ օձերը վերջույթները կորցրել են հենց բներ փորող նախնիներից էվոլյուցիայի արդյունքում, այլ ոչ թե լողալուն հարմարվելիս։
Ըստ Էդինբուրգի համալսարանի երկրագիտության դպրոցի գիտնական Հոնգյու Իի, երկար ժամանակ անհայտ էր, թե ինչպես են օձերը կորցրել ոտքերը, բայց, կարծես թե, գաղտնիքն արդեն բացահայտված է. դա տեղի է ունեցել, երբ նրանց նախնիները հմտացել են բներ փորելու գործում:
Նշենք, որ բրածոների ներքին ականջը կարող է մեծ քանակությամբ տեղեկատվություն փոխանցել և շատ օգտակար է, երբ բրածոյի արտաքին թաղանթը չափազանց վնասված կամ փխրուն է ուսումնասիրության համար։ Օրինակ՝ վիշապօձերի և պիթոնների մոտ հետին վերջույթների մնացորդները կարելի է նկատել ոտքերի փոքրիկ ոսկորներում, որոնք հայտնի են որպես ռուդիմենտար վերջույթներ և գտնվում են կլոակայի մոտ։ Ավելի քիչ պրիմիտիվ տեսակներն ամբողջությամբ կորցրել են նույնիսկ այս հնագույն հիշեցումները։
2023 թվականի հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 14 գենոմ օձերի 12 ընտանիքներից և հայտնաբերել ԴՆԹ-ի բացակայություն PTCH1 գենի երեք մասերում, որը պատասխանատու է վերջույթների զարգացման համար: Գիտնականները կարծում են, որ հենց այս գենի մուտացիաները կարող են բացատրել, թե ինչու են օձերի ոտքերն ի վերջո սկսել անհետանալ:
Կան նաև այլ գեներ և էնհանսերներ, որոնք կապված են օձերի վերջույթների կորստի հետ։ Օրինակ՝ ներգրավված գեներից մեկը հայտնի է որպես Sonic hedgehog գեն. երբ դրա էնհանսերն ակտիվանում է որպես գենետիկ անջատիչ, Sonic hedgehog գենը միանում է վերջույթների զարգացման ժամանակ՝ ստեղծելով թաթերի և ոտնաթաթերի սաղմերը։
Ըստ Ֆլորիդայի համալսարանի բժշկական քոլեջի մոլեկուլային գենետիկայի և միկրոբիոլոգիայի պրոֆեսոր Մարտին Քոենի, ինքը և գործընկերները նաև հայտնաբերել են, որ պիթոնների մոտ վերջույթների զարգացումն իրականում շատ ավելի առաջ է գնում, քան նախկինում ենթադրվում էր։ Տվյալները վկայում են, որ նրանց մոտ ձևավորվում են սաղմնային ոտքեր, սակայն բջիջները չեն ավարտում կմախքի զարգացման գործընթացը։
Չնայած ոտքերի բացակայությանը, օձերը կարողացել են բնակեցնել երկրագնդի բոլոր մայրցամաքները, բացի Անտարկտիդայից: Գիտնականները կարծում են, որ այսօր աշխարհում գոյություն ունի ավելի քան 4000 տեսակ, ինչը օձերին դարձնում է սողունների երկրորդ ամենամեծ խումբը մողեսներից հետո։