Երևանի շինհրապարակներում տեղադրված 186 սարքերից ստացված տվյալների համաձայն, օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM 2.5-ի համար կազմել 159 (անառողջ), իսկ PM 10-ի համար 88։ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համար այս երկու ցուցանիշները եղել են՝ PM 2.5-ի համար՝ 137 (անառողջ զգայուն հատվածի համար) և PM 10-ի համար՝ 71։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Նա հայտնեց, որ օդի որակի չափման սարքերի հարթակում փորձարկում են կանխատեսումների հնարավորությունը՝ այն համադրելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տվյալների հետ։
«Այն հնարավորություն կտա բացահայտելու PM 2.5-ի բարձր ցուցանիշի մարդածին պատճառների բաշխվածությունը»,- ասաց վարչության պետը։
Նա նշեց որ մշակում են մեքենաների արտանետումերի չափման սարքերի տեխբնութագիրը, որպեսզի սարքերը ձեռք բերեն՝ հասկանալու համար թե այդ տեսակի արտանետումները ինչ բաշխվածություն ունեն և ինչպես է ազդում օդի որակի վրա, որոնց հիման վրա կկարողանան մշակել որոշակի սահմանափակումներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինանն իր հերթին ասաց. «Մենք որոշակի ճշմարտություններ ենք բացահայտել, որոնք միշտը եղել են մեզ հետ, բայց երբևէ խորացված չեն ուսումնասիրվել։ Այդ սարքերը թույլ են տվել հասկանալ այն փոփոխությունները, որոնք ամեն տարի տեղի են ունեցել ամեն տարի։
Ոչ մասնագիտական տարատեսակ կարծիքներ են հնչում, և՝ հիմնականում կիսատեղեկացված՝ կարևորելով տեղեկատվություն հավաքագրումը և պնդելով, թե Երևանի քաղաքապետարանն ամենամեծ ծավալի տեղեկատվություն հավաքագրողն է։
Էս ինֆորմացիայով մենք պետք է կիսվենք քաղաքացիների հետ, որ, կներեք, այդ կիսագրագետ մտքերը քիչ հնչեն, որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ և իրականում մենք որքան տեղեկատվություն ունենանք, պետք է կիսվենք քաղաքացիների հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է տեղի ունենում Երևան քաղաքում օդի որակի հետ»,- ասաց Երևանի քաղաքապետը։




























