Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:

Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը և ըմբռնումը»,–ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում են Կառավարությունից:

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: