Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է երկրի կառավարությանը վարպետություն դրսևորել և իրեն ներկայացնել պետական տարբեր մարմինների տեղեկատվական համակարգերի միավորման պլանը՝ առանց լուրջ ֆինանսական ներդրումների, քանի որ փողով դա «կարող է նույնիսկ հիմարն անել»։

«Նախկինում բոլոր գերատեսչությունները թվայնացմամբ զբաղվել են ինքնավար կերպով, առանց միասնական վերահսկողության, ինչը, բացի տեխնիկական խնդիրներից, հանգեցրել է պետական միջոցների անխոհեմ վատնմանը։ Գլխավոր դատախազությունում կայացած խորհրդակցության ժամանակ կառավարության ներկայացուցիչը հրապարակել է այն գումարի չափը, որն անհրաժեշտ կլինի տարանջատված համակարգերի միավորման համար։ Միանգամից ասեմ՝ նման փողեր չկան և չեն կարող լինել»,- նշել է Տոկաևը՝ ելույթ ունենալով հանրապետության կառավարության ընդլայնված նիստում։

Նրա խոսքով, ինչպես ասել է «մի անմոռանալի շինարար-պաշտոնյա»՝ «փողով օբյեկտ կառուցել կարող է և հիմարը, իսկ ահա այդ խնդիրը կատարել առանց փողի՝ դա արդեն վարպետություն է»։ «Ցույց տվեք այդ վարպետությունը։ Կառավարությունը պետք է ինձ ներկայացնի աշխատանքային պլան՝ առանց բյուջեից հսկայական գումարներ ստանալու», - ասել է Տոկաևը։

Նախագահը նշել է, որ անցումը պետք է կատարվի միասնական QazTech հարթակին։ Ըստ Տոկաևի՝ տարանջատված թվային ենթակառուցվածքը ձախողումներ էր առաջացնում և դանդաղեցնում երկրի զարգացումը։