Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 12–ի նիստում հաստատեց Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը ստեղծում է իրավական հիմք մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունների գնահատման նորարար մեխանիզմների ներդրման, միջազգային չափանիշներին համահունչ գիտական և մոնիթորինգային մոտեցումների ամրագրման համար։

Որոշմամբ սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող.

հողի թթվայնացում,

ջրային էկոհամակարգերի էվտրոֆացման,

բուսականության վնասում,

կենսաբազմազանության նվազում։

Նախագիծը ներառում է՝

աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների,

էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա,

ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ,

տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։