ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված միջուկային փորձարկումներ անցկացնելու մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից սեփական միջուկային փորձարկումները վերսկսելու համար պատրվակներ հորինելուն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, հայտնում է Սինհուան։ 

Լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով համապատասխան հարցին, Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աղավաղել և վարկաբեկել Չինաստանի միջուկային քաղաքականությունը։ Ըստ էության, Միացյալ Նահանգներն իրականացնում են քաղաքական մանիպուլյացիաներ, որոնք ուղղված են միջուկային հեգեմոնիայի հասնելուն և միջուկային զինաթափման ոլորտում սեփական պարտավորություններից խուսափելուն, արձանագրել է չինացի դիվանագետը։

«Չինաստանը վճռականորեն դեմ է դրան», - նշել է Լին Ցզյանը՝ ընդգծելով, որ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում միջազգային միջուկային կարգի և գլոբալ ռազմավարական կայունության ապակայունացման գլխավոր աղբյուրը։

Նա հիշեցրել է, որ հենց ամերիկյան կողմի թողտվությամբ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը (ՌՀՍԿ) կորցրել է ուժը գործողության ժամկետի ավարտից հետո, ինչը լրջորեն խաթարել է խոշոր պետությունների միջև փոխադարձ վստահությունը և հարված հասցրել գլոբալ ռազմավարական կայունությանը։

Լին Ցզյանը հայտարարել է, որ չինական կողմը կոչ է անում ԱՄՆ-ին վերահաստատել հինգ միջուկային տերությունների հանձնառությունը՝ միջուկային փորձարկումների մորատորիումի վերաբերյալ, պահպանել միջուկային փորձարկումների արգելման գլոբալ կոնսենսուսը և գործնական քայլերով պաշտպանել միջուկային զինաթափման ու միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգը։

«Չինաստանն անշեղորեն հետևում է խաղաղ զարգացման ուղուն, հավատարիմ է պաշտպանական միջուկային ռազմավարությանը և պահպանում է իր միջուկային քաղաքականության երկարաժամկետ կայունությունը։ Չինաստանը այսուհետ կառուցողական դեր կխաղա ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության պաշտպանության գործում», - հավելել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։