Կառավարության այսօրվ՝ փետրվարի 12–ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց 7 տարի առաջ պետական դրոշի հետ կապված դեպքը, երբ մաքսատանը տեսնելով, որ դրոշը պատին հենած է, հունից դուրս եկավ և համապատասխան աշխատակցին աշխտանքից հեռացնելու պահանջ ներկայացրեց։
«Ինձ համար զարմանալի էր, որ իմ ռեակցիան զարմանալի էր շատ-շատերի համար, երբ որ պետական կառավարման մարմնում, ըստ էության, գետնին գցած դրոշ տեսա։ Դրա հետ կապված շատ խիստ որոշումներ կայացրի, և պարզվեց, որ այդ որոշման հետ կապված այդքան էլ միանշանակ չէր կարծիքը՝ արժեր այդպես անել, թե չարժեր։
Հիմա մենք նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ենք փոփոխություններ արել՝ պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար։ Մենակ դրոշի դեպքում չի այդպես, ամեն ինչի դեպքում է այդպես, որ դրոշ տանում ենք, մի տեղ տնկում ենք, ասում ենք՝ այս ինչ լավ գործ արեցինք, հետո այդ դրոշը կմաշի, կճղվի, կքրքրվի, ինչ կլինի, ոչ մեկի հոգսը չէ։
Մենք ընդհանրապես կարծում եմ պետք է արձանագրենք, որ ցանկացած բան ինքը հետագա սպասարկում է պահանջում, այն որ դու ինչ-որ մի բան ինչ-որ տեղ դրիր, դա վերջը չի, դա ընդամենը սկիզբն է, որ իր մասին պետք է հոգ տանել։ Հակառակ դեպքում նշանակում է դա դատապարտել ֆիզիկական և բարոյական մաշեցման և սա նաև այդ ընկալման փոփոխություններ են, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն քննարկվող թեմայի հետ։
Այո, մենք էլ մեր վարվեցողության մեջ պետք է որոշակի փոփոխություններ անենքԽ Խնդրում եմ, որ մենք տեքստին ծանոթանանք և նաև մեր համապատասխան արարողակարգային ծառայություններին էլ զգուշացնենք, որպեսզի միջոցառումների կազմակերպման ժամանակ մասնակիցները տեղեկացվեն, որպեսզի էլի գրածը թղթի վրա չմնա, հետո պարզվի, որ մենք այդքան էլ չենք կատարում մեր կայացրած որոշումները»,–ասաց վարչապետը։





























