Եթե Հայաստանում կա մի ուժ, որը բառիս բուն իմաստով կոալիցիայի մեջ է եղել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ապա դա Դաշնակցությունն է։ Այս մասին փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

Նա հավելել է, որ ՀՅԴ կուսակցությունը կոալիցիայի մեջ է եղել նաև երիտթուրքերի հետ և 1918-1920 թվականներին 2-3 նախարարական պորտֆել է ունեցել Ադրբեջանի մուսավաթական կառավարությունում։ Ռուբինյանը վստահություն է հայտնել, որ ՀՅԴ-ն դավաճանել է իր գաղափարներին՝ անցյալ տարի Գյումրու ընտրություններում կոալիցիա կազմելով նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության հետ։

«Խնդիրն այն է, որ դուք սկսել եք «Մահ կամ ազատություն» կարգախոսից և հասել եք 004 շրջաբերականին, որտեղ գրել եք, թե լինում են ժամանակներ, երբ հանուն ազգային նպատակների պետք է որոշակի չափով սահմանափակել ինքնիշխանությունը», - նշել է նա։

Փոխխոսնակը ենթադրել է, որ դա կապված է ստոկհոլմյան համախտանիշի հետ՝ հաշվի առնելով, որ 1920 թվականին կորսվել է Հայաստանի անկախությունը, և այդ պատճառով այսօր Դաշնակցությունը մտածում է այն մասին, որ պետք է հանգիստ պահել իրեն և չփորձել պաշտպանել անկախությունը՝ հույս ունենալով, որ դրանից ինչ-որ բան կստացվի։ «Երկրորդ բացատրությունը տվել է ԽՍՀՄ արտաքին հակահետախուզության վարչության նախկին պետ Կալուգինն իր գրքում՝ գրելով, որ խորհրդային ԿԳԲ-ն հավաքագրել է Դաշնակցության ղեկավարությանը, ինչը հանգեցրել է կուսակցության նման կերպարանափոխությանը», - եզրափակել է Ռուբինյանը։