Ամերիկյան Gerald R. Ford ավիակիրը եւ նրան ուղեկցող նավերը Կարիբյան ավազանից կվերուղղորդի Մերձավոր Արեւելք։ Այս մասին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով Gerald R. Ford-ի անձնակազմը տեղեկացվել է, որ այն կմիանա Abraham Lincoln ավիակրի գլխավորած հարվածային խմբին Պարսից ծոցում։

Gerald R. Ford-ը 2025թ․ հունիսին դուրս է եկել Նորֆոլք քաղաքից (Վիրջինիայի նահանգ) եւ հոկտեմբերին ուղարկվել է Կարիբյան ավազան։ NYT-ի տվյալներով՝ ավիակիրը մասնակցել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա ԱՄՆ զինված ուժերի հարձակմանը եւ հունվարի 3-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու գործողությանը։

Ավիակրի անձնակազմը նախատեսում էր վերադառնալ Նորֆոլքի իր բազա այս տարվա մարտի սկզբին, սակայն վերատեղակայման պատճառով նավաստիները, հավանաբար, տուն չեն վերադառնա մինչեւ ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ։ Հոդվածում նշվել է, որ դա կխանգարի ժամանակին նավն ապահովել անհրաժեշտ սպասարկմամբ։