Նոր Խարբերդի մանկապարտեզի թեման շատ երկար տևեց, որովհետեւ հողի նշանակությունը փոխելու հարց կար, սխալմամբ այն ներառվել էր որպես անտառային հող, որի շտկելը տևեց ամիսներ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ճշտելով, որ սրա մեղավորը «Երևան նախագիծ» ընկերությունն է, Ավինյանն ասաց. «Այդ ուղղման աշխատանքները պետք է անցներ միջգերատեսչական հանձնաժողովով և մի քանի անգամ տարբեր գերատեսչությունների դիտողությունները շտկելու անհրաժեշտություն եղավ, որն էլ պատճառ դարձավ, որ դա տևեց ամիսներ։

Մեր բյուրոկրատիան, այսինքն ընդամենը պարզագույն սխալը շտկելու համար մենք երևի թե մոտ մի տարի կորցրել ենք։ Այսինքն Նոր Խարբերդի մանկապարտեզը մի տարի հետաձգվել է մինչև մենք տարբեր գերատեսչությունների, տարբեր արձագանքների ենք պատասխանել։

Մի տարի մնացած գերատեսչություններին մենք համոզում էինք, որ ժողովուրդ ջան, սա անտառային հող չի, սա մանկապարտեզի տարածքն է։ Սա նորմալ չի էլի սխալը մերն է, միանշանակ, և դրա համար միգուցե կարող է ինչ-որ մեկին պետք է խաչել, բայց մի տարի այդ սխալը ուղղելու վրա մենք չպիտի ծախսենք։ Մանավանդ, եթե մենք ենք դրա պատասխանատուն։

Քաղաքական պատասխանատվությունը կրում ենք մենք։ Նոր խարբերդցիներին այդ մանկապարտեզը խոսք եմ տվել ես։ Մենք չենք կարող մի տարի հողի կատեգորիայի հարց քննարկենք։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բոլոր գերատեսչություններ նկատմամբ։

Այսինքն մի տարի առաջ մոտավորապես մենք կարող է շինարարության մրցույթը կարողանայինք հայտարարած լինեինք, հիմա ակտիվ փուլում լիներ Նոր Խարբերդի մանկապարտեզը, տարվա վերջում էլ միգուցե կառուցված պատրաստի, Նոր Խարբերդցիները կարողանային իրենց երեխաներին տանել այդ մանկապարտեզ։

Մենք այս տեսակ բաներում համեստաբար լռում ենք, բայց երևի պետք է խոսենք, որովհետև ամեն ինչ չէ, որ Երևանի քաղաքապետարանից է կախված, և անընդհատ բոլոր հարցերը դեպի մեզ է ուղղված։ Երևի մենք էլ պետք է մեր գործընկերներին հարցեր ուղղենք, որովհետև այսպես ցրված պատասխանատվությունը բերում է գլոբալ անպատասխանատվության։ Պիտի լինի հստակ պատասխանատվություն։ Եթե մերն է այդ պատասխանատվությունը, մարդիկ իմանան հստակ մերն է, գան մեզանից պահանջեն։ Լղոզել այդ լիազորությունը ու պատասխանատվությունը չի կարող ճիշտ տրամաբանություն լինի»,– վրդովված ասաց Ավինյանը։