Ամերիկյան հետախուզական ծառայությունները պնդում են, որ Չինաստանը միջուկային զենքի նոր սերունդ է մշակել և վերջին տարիներին առնվազն մեկ գաղտնի փորձարկում է իրականացրել՝ իր զինանոցի լիակատար վերափոխման շրջանակներում։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Միջուկային զինանոցում կատարվող ներդրումները Չինաստանին մոտեցնում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հավասար կարգավիճակի և կարող են ապահովել տեխնիկական հնարավորություններ, որոնց ներկայումս չի տիրապետում ոչ մի գերիշխող միջուկային տերություն», - ասվում է տեքստում։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Չինաստանը 2020 թվականի հունիսին իբր իրականացրել է գաղտնի միջուկային փորձարկում՝ չնայած 1996 թվականից նման գործունեության վրա դրված մորատորիումին և ծրագրել է ապագայում իրականացնել ևս մի քանի փորձարկում։ ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Պեկինը մտադիր է ստեղծել «հաջորդ սերնդի միջուկային զենք», այդ թվում՝ մեկ հրթիռի ներսում մի քանի մանրակերտ միջուկային մարտագլխիկների օգտագործմամբ։

«Աղբյուրների փոխանցմամբ՝ Չինաստանը, ըստ ամենայնի, մշակում է նաև փոքր հզորության տակտիկական միջուկային զենք, մի բան, որն այդ երկիրը նախկինում երբեք չի արտադրել։ Այն կարող է կիրառվել իր տարածքին մոտ գտնվող թիրախների դեմ, այդ թվում՝ այնպիսի սցենարներում, երբ Պեկինը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից Թայվանի հնարավոր պաշտպանությանը», - գրում է CNN-ը։

Մինչ այդ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կաշխատեն Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու համար։ Նա ընդգծել է, որ հանուն այդ նպատակի Միացյալ Նահանգները պատրաստ են համագործակցել իրենց մրցակիցների հետ։