Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանից (1929-1939 թթ.) ի վեր առաջին անգամ 2025 թվականին ԱՄՆ-ից հեռացածների թիվը գերազանցել է երկիր մուտք գործածների թվին։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հիմնվելով սեփական տվյալների և Բրուքինգսի ինստիտուտի հաշվարկների վրա։
Ինչպես նշվում է, 2025 թվականին ԱՄՆ-ից հեռացածների թիվը 150 հազարով գերազանցել է երկիր ներգաղթածների թվին, ընդ որում՝ ակնկալվում է, որ այս ցուցանիշը 2026 թվականին հավանաբար կաճի։ Թեև ամերիկյան վարչակազմը մարդկանց արտահոսքը բացատրում է անօրինական միգրացիայի դեմ պայքարով, իրականում երկիրն ակտիվորեն լքում են հենց ԱՄՆ քաղաքացիները՝ Միացյալ Նահանգների փոխարեն նախապատվությունը տալով ֆինանսական տեսանկյունից ավելի մատչելի և անվտանգ պետություններին, նշում է WSJ-ն։
Պարբերականը վերլուծել է 15 երկրների միգրացիոն վիճակագրությունը և պարզել, որ 2025 թվականին առնվազն 180 հազար ամերիկացի է տեղափոխվել այդ երկրներ: Բացի այդ, Եվրոպական միության գրեթե բոլոր երկրներում բնակության և աշխատանքի նպատակով տեղափոխված ամերիկացիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի և շարունակում է աճել, նշում է թերթը: «Մի շարք քաղաքացիների համար «նոր ամերիկյան երազանքը» կայանում է նրանում, որպեսզի այլևս չապրեն ԱՄՆ-ում»,- ընդգծվում է նյութում:
Ինչպես նշում է պարբերականը, վերջին անգամ ԱՄՆ-ից բնակչության արտահոսք է գրանցվել Մեծ դեպրեսիայի թեժ պահին՝ 1935 թվականին: Այդ ժամանակ ավելի քան 100 հազար ամերիկացի վտարանդիներ որպես նոր բնակավայր ընտրել են Խորհրդային Միությունը:





























