Սոցիալական հարթակներում, այդ թվում՝ Facebook-ում կատարված հրապարակումների համար քրեական հետապնդումը իրավաչափ է, եթե դրանք պարունակում են ատելության խոսքի տարրեր, խտրական կամ վիրավորական արտահայտություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Հայաստանում կնոջը զրկել են ազատությունից Facebook-յան հրապարակման համար, ինչպես նաև ձերբակալել են Tik-Tok-ի բլոգերին՝ վարչապետ Փաշինյանին քննադատելու պատճառով։

«Հիմա ինչպե՞ս ես մեկնաբանեմ։ Դուք հարցը տալիս եք այնպես, որ ինչ էլ արված լինի իրավաչափ չի կարող լինել, իսկ իմ պատասխանը հետևյալն է, եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ և այլն, որոնք հատում են շեմը այլևս քրեորեն հետապնդելի արարք համարվելու, ապա այո իրավաչափ է քրեորեն հետապնդման ցանկացած գործողություն», — ասել է նախարարը։

Պատասխանելով ընտրողական մոտեցման հնարավոր դրսևորումների մասին հարցին, երբ, ըստ լրագրողների, իշխանությանը քննադատողների նկատմամբ գործեր են հարուցվում, իսկ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ՝ ոչ, Գալյանը նշել է, որ չի կարող մեկնաբանել կոնկրետ գործեր։

«Ես չեմ ընդունում խտրական որևէ դրսևորում: Ես կարծում եմ, որ ցանկացած արարքին պետք է տալ ճշգրիտ գնահատական և համանման իրավիճակներում այդ գնահատականները պետք է լինեն նույնը: Ես դրա կողմնակիցնե եմ: Քանի որ ասում եք քրեական գործ հարուցվել է՝ դա շատ լավ է, եթե հանգամանքները դուք ճիշտ ներկայացրիք։», - հավելել է նա:

Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր TikTok-ում հայտնի բլոգեր Հայկ Եղյանի ձերբակալության մասին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու գործով։ Եղյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով (խուլիգանություն), նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է ՔԿՀ-ում, մինչդեռ պաշտպանական կողմը տեղի ունեցածն անվանում է քաղաքական հետապնդում և մատնանշում Սահմանադրական դատարանի որոշումը՝ պաշտոնատար անձանց վիրավորելու համար պատասխանատվության հակասահմանադրական լինելու վերաբերյալ։