Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը զգուշացրել է Աֆղանստանում թալիբների կառավարության դեմ բաց պատերազմի մասին: Նա այս մասին գրել է X սոցցանցի իր էջում:
Նրա խոսքով՝ սպասվում էր, որ ՆԱՏՕ զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում խաղաղություն կտիրի, եւ որ թալիբները կկենտրոնանան իրենց ժողովրդի շահերի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա: Սակայն շարժման ներկայացուցիչները «երկիրը վերածեցին Հնդկաստանի գաղութի, աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչներին հավաքեցին Աֆղանստանում եւ սկսեցին ահաբեկչություն արտահանել»:
«Նրանք զրկեցին իրենց ժողովրդին մարդու հիմնական իրավունքներից: Նրանք խլեցին կանանց իրավունքները, որոնք երաշխավորված էին իսլամով: Պակիստանը բոլոր ջանքերը գործադրեց նորմալ իրավիճակ պահպանելու համար՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ բարեկամ երկրների միջոցով: Սակայն թալիբները դարձել են Հնդկաստանի խամաճիկները»,- ավելացրել է նախարարը:
Մինչ այդ հաղորդվել էր, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել աֆղանական Քաբուլ եւ Ղանդահար քաղաքներում, ինչպես նաեւ Պակտիա նահանգում գտնվող թիրախներին:
Երկու երկրների միջեւ լարվածությունը սկսվել է փետրվարի 21-22-ին Աֆղանստանի տարածքին Պակիստանի ավիահարվածներից հետո: Պակիստանը որպես իր թիրախներ նշել է «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» խմբավորման ճամբարները, որը մեղադրվում է Իսլամաբադում եւ այլ քաղաքներում ահաբեկչական հարձակումների մեջ: Աֆղանական կողմը պնդում է, որ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները:




























