ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչեւ այսօր չի կատարել հայ համայնքին տված խոստումները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ ավելացնելով, որ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նախօրեին կայացած ասուլիսում նշել է, որ հիասթափված է Օբամայի՝ Հայաստանին ամենամյա դրամական օգնության կրճատման, եւ Թուրքիայի օգնության ավելացման որոշումից։

«Այժմ Հայ Դատի գրասենյակը աշխատանք է տանում, որպեսզի Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովում եւ Սենատում քննարկումների ընթացքում Հայաստանին հատկացվելիք գումարն ավելացվի, ինչպես նաեւ ամրագրվի Լեռնային Ղարաբաղին առանձին հատկացվող 10 մլն դոլարի գումարը»,- տեղեկացրեց Չուլջյանը։

Ըստ նրա՝ Օբաման, բացի Հայոց ցեղասպանության ընդունման խոստումից, հայ համայնքին խոստացել էր Հայաստանի հետ առեւտրի ազատականացում եւ ընդլայնում, Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հարցում կոշտ դիրքորոշման ընդունում, եւ ԱՄՆ-Հայաստանի կապերի խորացում, սակայն ոչ մի հարցում առաջընթաց չի գրանցվել։

«Հայաստան-Թուրքիա երկխոսությունը եւ արձանագրությունների ստորագրումը Թուրքիան օգտագործեց ղարաբաղյան հարցում նախապայմաններ թելադրելու, Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացը խոչընդոտելու համար»,- ընդգծեց Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի խոսնակն՝ ավելացնելով, որ մինչեւ ընտրությունը Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միակարծիք էին, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, մինչդեռ պաշտոնավարման ընթացքում նրանք կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը։

«Պետքարտուղար Քլինթոնը վերջերս հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմաբանների քննարկման հարց է, եւ դա այն դեպքում, երբ ԱՄՆ 42 նահանգ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Չուլջյանը։

Նրա խոսքով՝ Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ ցանկացած ընտրությունների ժամանակ հանդիպումներ է կազմակերպում թեկնածուների հետ՝ իրազեկելու հայ համայնքին հուզող հարցերի մասին, ինչպես նաեւ տեղեկացնում ԱՄՆ հայ համայնքին` թեկնածուների դիրքորոշումների մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Օբաման իր բյուջետային ուղերձում կոչ է անում 19%-ով կրճատել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը: Միաժամանակ, Օբամայի վարչակազմն առաջարկում է լրացուցիչ 3600000 դոլար հատկացնել  Թուրքիայում միջազգային ռազմական կրթական ծրագրի իրականացման համար, հաշվի առնելով այն, որ «Թուրքիան շարունակում է մեծ դեր կատարել իբրեւ համաշխարհային գործընկեր»:

Հիշեցնենք, որ 2012 թ. ԱՄՆ-ում կկայանան նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին՝ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից։