Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողություններն արդեն վերածվել են ավելի լայն տարածաշրջանային դիմակայության և ազդարարում են տևական հակամարտության սկիզբը։ Սակայն նույնիսկ էսկալացիայի նման մակարդակն ինքնին դժվար թե հանգեցնի Թեհրանի վարչակարգի անհապաղ փլուզմանը, գրում է Stratfor-ը։

«ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կշարունակվեն մի քանի օր, ընդ որում՝ Իրանը կպատասխանի Իսրայելին և ԱՄՆ տարածաշրջանային ռազմաբազաներին հասցվող հարվածներով։ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, ըստ ամենայնի, ուղղված են ոչ միայն կոնկրետ միջուկային կամ հրթիռային օբյեկտներին, այլև Իրանի լայն ռազմական, քաղաքական և ուժային ենթակառուցվածքներին, ներառյալ ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) օբյեկտներն ու հրամանատարական հանգույցները, ինչպես նաև ռազմածովային ներուժը։ Սա մատնանշում է Իրանի ռազմավարական հնարավորությունները նվազեցնելու և վարչակարգը թուլացնելու ուղղությամբ գործադրվող տևական ջանքերի մասին։

Իրանը կպատասխանի մնացած բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և փոքր հեռահարության հրթիռների կիրառմամբ՝ ամենայն հավանականությամբ կենտրոնանալով Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման վրա, ինչը համապատասխանում է վերջին տարիների էսկալացիայի սխեմաներին։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի մասնակցությունը և Թրամփի կողմից հայտարարված վարչակարգի փոփոխության նպատակները՝ Թեհրանն արդեն ընդլայնել է ԱՄՆ-ի դեմ պատասխան գործողությունների մասշտաբները։ Իրանը տիրապետում է փոքր հեռահարության հրթիռների, որոնք ընդունակ են հարվածել ԱՄՆ բազաներին Իրաքում, Հորդանանում և Պարսից ծոցի մի շարք երկրներում, և դրանցից մի քանիսն արդեն գործի են դրվել։

ԱՄՆ տարածաշրջանային բազաներին հասցվող հարվածները նպատակ ունեն մեծացնել առճակատման գինը Թրամփի վարչակազմի համար։

Պրոքսի խմբավորումների ակտիվացման ռիսկը նույնպես բարձր է, հատկապես եթե Թեհրանը որոշի հարձակվել ԱՄՆ տարածաշրջանային բազաների վրա։ Ամենահավանական արագ արձագանքող դերակատարները հութիներն են՝ պոտենցիալ հրթիռների կամ անօդաչուների արձակման, ինչպես նաև ծովային երթևեկության խաթարման միջոցով։

Իրաքում «Կատաիբ Հեզբոլլահը» մնում է էսկալացիայի հնարավոր ուղի, թեև պակաս հավանական՝ կախված ներքաղաքական իրավիճակից և Թեհրանի հրահանգներից։

«Հեզբոլլահը» Լիբանանում դժվար թե անմիջապես սկսի լայնամասշտաբ գործողություններ՝ տարածաշրջանային մեծ պատերազմի ռիսկի պատճառով, սակայն սահմանափակ մասնակցությունը բացառված չէ էսկալացիայի ուժգնացման դեպքում։

Առայժմ տեղեկություններ չկան Իրանի տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մասին, ուստի մոտ ժամանակներս Իրանը դժվար թե հարձակվի Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների կամ Հորմուզի նեղուցի շրջանում նավերի վրա, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան նավատորմի մեծ ներկայությունը։

Հաղորդվում է, որ Իսրայելը տեղակայել է 91-րդ դիվիզիան և պահեստազորայինների է կանչել Լիբանանի հետ սահմանի երկայնքով՝ մտավախություն ունենալով, որ «Հեզբոլլահը» կարող է միանալ դիմակայությանը։ Սակայն կազմակերպության ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նրա մասնակցությունը Իրանի վրա սահմանափակ հարձակմանը քիչ հավանական է։

Փետրվարի 28-ին «Կատաիբ Հեզբոլլահը» նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ խմբավորումը կհարձակվի ամերիկյան բազաների վրա Իրանի վրա հարձակման դեպքում և կոչ է արել իր մարտիկներին պատրաստվել հյուծող պատերազմի։ Եմենում հութիները, ըստ հաղորդումների, վերջին օրերին հրթիռների արձակման հրապարակներ են պատրաստել Ալ-Հուդեյդա նահանգի մի քանի վայրերում։

Չնայած այս հարվածներին, Իրանի վարչակարգը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի կարճաժամկետ հեռանկարում, թեև փլուզումը մնում է պակաս հավանական սցենար, որը կախված է լրացուցիչ գործոնների համախմբից։ Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի համակարգված հարվածներին և Թրամփի ու Նեթանյահուի կոշտ հռետորաբանությանը, Իրանի խիստ ինստիտուցիոնալացված քաղաքական համակարգը (որը կենտրոնացած է Գերագույն առաջնորդի, ԻՀՊԿ-ի և ներքին ուժային սերտ կառուցվածքի վրա) կարճաժամկետ հեռանկարում, ըստ ամենայնի, կմնա կայուն։

Իրականում արտաքին հարձակումները հաճախ առաջացնում են «համախմբում դրոշի շուրջ» էֆեկտ՝ բարձրացնելով վարչակարգի լեգիտիմությունը։ Պետությունը պահպանում է ուժային ճնշման հզոր կարողություն՝ հավատարիմ ուժային կառույցների միջոցով անկարգությունները ճնշելու համար։ Ընդդիմադիր խմբերը մնում են մասնատված և առանց միասնական ղեկավարության, իսկ վարչակարգն ունի ճգնաժամերի կառավարման տասնամյակների փորձ՝ բռնաճնշումների, հովանավորչական ցանցերի և հարաբերական գաղափարական համախմբվածության միջոցով։

Վարչակարգի փլուզումը կպահանջի ապակայունացնող գործոնների համակցում, որոնք դուրս են գալիս արտաքին օդային հարվածների շրջանակներից, ներառյալ պետության ուժային կարողությունների էական անկումը, էլիտաների միջև տեսանելի պառակտումները (հատկապես ուժային կառույցներում) և տևական լայնամասշտաբ ներքին ապստամբությունները, որոնք կպահպանվեն՝ չնայած բռնաճնշումներին։ Նույնիսկ այդ դեպքում նման փլուզումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի իշխանության անկայուն և անորոշ անցման, այլ ոչ թե սահուն և կայուն փոխանցման»։