Միացյալ Նահանգները լիովին կամայական և անօրինական պատերազմ են սկսել մի երկրի դեմ, որտեղ գրեթե 50 տարի դիվանագիտական ներկայություն չեն ունեցել, գրում է Բրուքինգսի ինստիտուտի փորձագետ Ստեֆանի Տ. Ուիլյամսը:
Նրա տեսանկյունից՝ Թրամփի վարչակազմը չունի ո՛չ փոքրագույն պատկերացում, ո՛չ էլ ծրագիր այն մասին, թե ինչ է լինելու հետո: «Այնուամենայնիվ, մենք կարող ենք դասեր քաղել (և դրանցից ոչ մեկը հուսադրող չէ) Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ռեժիմների փոփոխությանն ուղղված պատերազմներում 21-րդ դարի ԱՄՆ-ի ձախողումներից: Հետևաբար, ԱՄՆ-ն պետք է պատրաստվի Իրանի լիակատար ոչնչացմանը, դրա մասնատման և քաոսի տարածման հավանականությանը, ինչը մեր իրաքյան և լիբիական արկածախնդրությունների հետևանքները կդարձնի պիկնիկի նման: Արդյո՞ք Թրամփի վարչակազմը պատրաստ է մի կողմ քաշված մնալ, քանի դեռ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը համակվում է բռնությամբ: Արդյո՞ք նա ցամաքային զորքեր կուղարկի: Արդյո՞ք կպահպանի Պարսից ծոցի նավատորմը: Այս ամենը ամերիկացի ժողովրդին և ԱՄՆ Կոնգրեսին չի բացատրվել: Հեգնանքն այն է, որ միջազգային իրավունքի՝ ԱՄՆ-ի կողմից կոպիտ խախտումների ամենամեծ շահառուները կդառնան հենց այն խաղացողները, որոնց բնականոն պայմաններում Վաշինգտոնը կփորձեր զսպել. Մոսկվան իրեն ավելի վստահ կզգա Ուկրաինայի վրա հարձակումը շարունակելու հարցում, իսկ Չինաստանը կուժեղացնի Թայվանի նկատմամբ իր վճռականությունը»:
Մեկ այլ փորձագետի՝ Շարան Գրևալի կարծիքով, Թրամփի համար Իրանում լավագույն տարբերակը մնում է «Վենեսուելայի սցենարը», ըստ որի պետք է գործարք կնքել նրա հետ, ով կփոխարինի Խամենեիին՝ հավանաբար փոփոխված միջուկային համաձայնագրով և նավթային որոշ զիջումներով։
«Թրամփը, և հատկապես նրա MAGA ընտրազանգվածը, շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում երկարատև, ձգձգվող պատերազմով, որն անհրաժեշտ է Իրանում ռեժիմն իրականում տապալելու համար։ Հատկապես՝ հաշվի առնելով աճող կորուստները։ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի ռեժիմի փոփոխության նախկին կոչերից և կփորձի գործարք կնքել։ Իրանն իր հերթին, թվում է, թե հետապնդում է նույն ռազմավարությունը՝ ընդլայնել պատերազմը հնարավորինս արագ և լայնորեն, որպեսզի Թրամփի վրա առավելագույն դիվանագիտական ճնշում գործադրի այն դադարեցնելու նպատակով՝ միաժամանակ ազդակներ ուղարկելով բանակցությունների պատրաստակամության մասին»։
Իրանի ներսում, թեև Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը «գլխատել» է ռեժիմը, սակայն ռեժիմի յուրաքանչյուր օղակի շարժառիթներն էապես չեն փոխվել։
․․․Իրանի համար Թրամփի հարձակումները միայն արագացրին Խամենեիի՝ առանց այդ էլ մոտալուտ մահը: Սակայն այս գործողությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ հենց Թրամփի վրա։ Սկզբում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը, իսկ այժմ նաև Խամենեիի սպանությունը կարող են էլ ավելի ոգևորել նրան՝ ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարների դեմ այս անխոհեմ, միակողմանի ռազմական գործողությունները շարունակելու համար: Չնայած նախընտրական քարոզչության հռետորաբանությանը, Թրամփն ավելի «ռազմատենչ» դուրս եկավ, քան իր նախորդները՝ թողնելով ապագա սերունդներին հատուցել հետևանքների համար։
Սթիվեն Հեյդեմանի կարծիքով՝ սեփական ընտրությամբ պատերազմ սկսելով Իրանի դեմ, ԱՄՆ-ն և Իսրայելը սանձազերծել են մի դիմակայություն, որը դժվար թե հաջողությամբ պսակվի և անխուսափելիորեն կծնի անկանխատեսելի հետևանքներ, որոնց նրանք չեն կարողանա զսպել: «Կասկած չկա, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են լուրջ վնաս հասցնել Իրանի ռազմական կարողություններին: Հավանաբար Իրանը, որն արդեն իսկ խիստ թուլացած է, չի կարողանա տևական դիմադրություն ցույց տալ ԱՄՆ-ի և Իսրայելի կատաղի հարձակումներին, թեև, անշուշտ, կփորձի հնարավորինս շատ վնաս հասցնել տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական օբյեկտներին:
Սակայն ԱՄՆ-ի հաջողությունը երկարաժամկետ նպատակներում կասկածելի է թվում։ Թրամփի վարչակազմի նվազագույն նպատակները կարող են դիտարկվել որպես փորձ՝ 2003 թվականին Իրաքում ԱՄՆ ներխուժման անցանկալի հետևանքները հետ շրջելու համար։ Դա մի իրադարձություն է, որը ճանապարհ է հարթել արաբական Արևելքում Իրանի ազդեցության ընդլայնման համար և ամրապնդել է միջուկային ծրագրի հանդեպ նրա հավատարմությունը։ Սա ներառում է միջուկային հավակնություններից հրաժարում, հրթիռային ծրագրի սահմանափակումների ընդունում, Լիբանանում, Իրաքում ու Եմենում իր պրոքսիներից հրաժարում և Իրանի՝ որպես տարածաշրջանային տերության ճանաչում։ Թրամփի վարչակազմի առավելապաշտական (մաքսիմալիստական) նպատակները կարող են դիտարկվել որպես փորձ՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության հետևանքները հետ շրջելու և Իրանի կարգավիճակը որպես ստատուս-քվոն պահպանող և դեպի Արևմուտք կողմնորոշված երկիր վերականգնելու համար։ Այս արդյունքներից և ոչ մեկը հնարավոր չէ, եթե ներկայիս վարչակարգը մնա իշխանության ղեկին։ Թրամփի ու Նեթանյահուի՝ իրանցիներին ուղղված ապստամբելու կոչերը ընդգծում են նրանց ծրագրերի հաջողության համար անհրաժեշտ ռեժիմի փոփոխության առանցքային նշանակությունը։
Այնուամենայնիվ, ռեժիմի փոփոխությունը թե՛ պատերազմի հիմնական խոցելիությունն է, թե՛ ամենավտանգավոր հնարավոր անկանխատեսելի հետևանքների աղբյուրը: Հնարավոր են մի քանի սցենարներ, որոնցից ոչ մեկը չի երաշխավորում, որ պատերազմը կընթանա ըստ պլանի.
Առաջին հերթին, ռեժիմը լիովին կարող է գոյատևել նույնիսկ ներկայիս ղեկավարության զոհվելուց հետո, ինչն ուժեղացված բռնաճնշումների շրջան կստեղծի, ինչպես նաև զսպման կարողությունները վերականգնելու նորացված վճռականություն և թշնամիներին պատժելու համար ասիմետրիկ միջոցների ավելի լայն կիրառում: Չէ՞ որ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» շատ ավելի կործանարար հարձակումներ են վերապրել: Իրանի վարչակարգը, հավանաբար, ոչ պակաս դիմացկուն կլինի:
Երկրորդ, ռեժիմը կարող է փլուզվել, սակայն նրան փոխարինելու կգան է՛լ ավելի բռնապետական առաջնորդներ, որոնք է՛լ ավելի քիչ հակված կլինեն զիջումների:
Երրորդ, վարչակարգի տապալումը կարող է սկիզբ դնել տևական հակամարտության և քաղաքական անկայունության մի շրջանի, որը դժվար կլինի սահմանափակել միայն Իրանի սահմաններով:
Այսպիսով, պատերազմի մեջ մտնելով՝ նպատակ ունենալով օգտագործել իրանական ռեժիմի թուլությունը, Թրամփն ու Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, պայմաններ են ստեղծել մի ձախողված ելքի համար, որի արդյունքում ոչ ոք, և հատկապես իրանցի ժողովուրդը, ավելի լավ վիճակում չեն հայտնվի»։





























