Երեւանի Սուրենյանց փողոցի բնակիչներն ահազանգում են, որ փետրվարի 6-ին եւ 7-ին իրենց այգու բավականին մեծ հատված «զոհաբերվել է ինչ-որ հզոր ուժերի, որոնք արդեն ցանկապատել են այդ տարածքը, որը ներառում է մեծ քանակությամբ մեծ ու փոքր ծառեր»:
Ինչպես հաղորդում է «ԷկոԼուրը», ըստ բնակիչների` մի քանի տարի առաջ այգում ծառատունկ էր իրակականցվել, եւ այստեղ իրենց հանգիստն են անցկացում շրջակայքի 8 բարձրահարկ շենքերի բնակիչները: Նրանք բողոքում են հանրային նշանակության տարածքում հերթական ռեստորանի կամ սրճարանի կառուցման դեմ:
Ահազանգի հիման վրա ԲՆ բնապահպանական տեսչության Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է տեղազննում:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Արծրուն Պեպանյանի խոսքով, այգու տարածքում ծառահատման, կանաչ տարածքների ոչնչացման դեպք չի արձանագրվել: Իսկ ինչ վերաբերում է այդ տարածքի ցանկապատմանը կամ այն վերացնելու բնակիչների բարձրացված հարցին, ապա դա ՀՀ բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում չէ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են. «Ն. Սուրենյան փողոց հ.4/2 հասցեում գտնվող 705.6քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով պատկանում է «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին (կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայական հ.2607315 տրված 10.08.2009 թ.), եւ նույն հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվելու են Երեւան քաղաքապետարանի հետ 30.01.2012թ. համաձայնեցված հ.01/18-05/2-3627-38 նախագծի եւ կառուցապատող «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին 30.01.2012թ. տրված հ.01/18-3627-34 շինարարության թույլտվության հիման վրա։
Համաձայն հաստատված նախագծում ներկայացված նկարագրության` կառուցապատման համար նախատեսված հողամասը փաստացի հանդիսանում է անբարեկարգ հողատարածք եւ կառուցապատումը նախատեսված է իրականացնել հիշյալ հողամասի մինչեւ 50% մակերեսի վրա, որի արդյունքում պետք է կառուցվի 1 նկուղային (ավտոկանգառ), 1 կիսանկուղային, 3 վերգետնյա, եւ 1 տեխնիկական հարկերով կառույց, որի նպատակով էլ կառուցապատողի կողմից սահմանազատվել է շինարարական հրապարակը»:




























