ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է ՀԴԲ փաստաթղթերը, որոնք վերաբերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքներին, որոնք բացակայում էին Էպշտեյնի գործի նախնական տարբերակում, հաղորդել է Sky News-ը։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ որոշ բացակայող ֆայլեր, որոնց մասին տեղեկացել է, սխալմամբ նշվել են որպես «կրկնօրինակ», ինչը նշանակում է, որ դրանք հանրությանը հասանելի չեն եղել, եւ նախարարությունը հետագայում ուղղել է սխալը։
Փաստաթղթերը պարունակում են ՀԴԲ անցկացրած երեք առանձին հարցազրույցների ամփոփագրեր եւ նշումներ մի կնոջ հետ, որը պնդել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել Ջեֆրի Էպշտեյնի եւ բռնության է ենթարկվել ԱՄՆ գործող նախագահի կողմից։
Ի՞նչ մեղադրանքների մասին է խոսքը։
Հարավային Կարոլինայից մի կին կապ է հաստատել իրավապահ մարմինների հետ 2019թ․ Էպշտեյնի ձերբակալությունից հետո՝ պնդելով, որ միլիարդատեր ֆինանսիստը հարձակվել է իր վրա Հիլթոն Հեդ կղզում, երբ նա 13 տարեկան էր։
Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես 1984թ․։ Կինը, որի անունը չի հրապարակվում, պնդում է, որ իրեն բռնության են ենթարկել Էպշտեյնը եւ նրա մի քանի հանցակիցներ, այդ թվում, ինչպես նա պնդում է, Թրամփը։
Սկզբում Էպշտեյնի գործի շրջանակում հրապարակված փաստաթղթերը ներառում էին միայն հուլիսի 24-ին ՀԴԲ հարցաքննության ամփոփումը, չնայած ընդհանուր առմամբ չորս հարցաքննություն է եղել։ Հրապարակված զեկույցում Թրամփի դեմ որեւէ մեղադրանք չի նշվել։
Արդարադատության նախարարությունը նորից հայտնել է իր նախորդ նախազգուշացումը, որ Էպշտեյնի գործով փաստաթղթերը պարունակում են կեղծ եւ չստուգված պնդումներ։
«Փաստաթուղթը կարող է պարունակել կեղծ պատկերներ, փաստաթղթեր կամ տեսանյութեր»,- նշել են գերատեսչությունում։





























