Մերձավոր Արևելքում նոր հակամարտության սկսվելուց հետո ավելացել է հարուստ ասիացիների հարցումների թիվը, որոնք ցանկանում են իրենց կապիտալը Դուբայից տեղափոխել այնպիսի երկրներ, ինչպիսին Սինգապուրն է, քանի որ նրանք նորովի են գնահատում տարածաշրջանի կայունությունը, գրում Է Reuters-ը

Վերջին տարիներին Դուբայը հանրաճանաչ ներդրումային կենտրոնի է վերածվել՝ իր «բարենպաստ քաղաքականության» շնորհիվ, նշում է գործակալությունը։

Սակայն վերջին հակամարտությունը, որի ընթացքում Իրանը պատասխան հարվածներ է հասցրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են ԱՄԷ-ն և Կատարը, ստիպել է կասկածի տակ դնել ԱՄԷ-ի՝ որպես կայուն պետության հեղինակությունը։ Reuters-ը հայտնել է, որ այն բանից հետո, երբ Իրանի առաջին պատասխան հարվածները հասել են Դուբայ, երկու հնդիկ ձեռնարկատեր փորձել են ռիսկերի հեջավորման նպատակով տեղական բանկային հաշիվներից ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար (128,000 սինգապուրյան դոլար) տեղափոխել Սինգապուր։

Գործարարները դասվում են այն բազմաթիվ հարուստ ասիացիների շարքին, որոնք հայտեր են ներկայացնում կամ համապատասխան քայլեր ձեռնարկում Դուբայում պահվող իրենց ակտիվները տարածաշրջանային այլ ֆինանսական կենտրոններ, մասնավորապես՝ Սինգապուր և Հոնկոնգ տեղափոխելու համար:

Մասնավոր կապիտալի հարցերով սինգապուրցի իրավաբաններից մեկը՝ Ռայան Լինը, Reuters գործակալությանը հայտնել է, որ Դուբայում գտնվող իր 20 հաճախորդներից մոտ յոթը, որոնցից յուրաքանչյուրի ակտիվները կազմում են միջինը 50 միլիոն ԱՄՆ դոլար (64 միլիոն սինգապուրյան դոլար), ծրագրում են իրենց միջոցները տեղափոխել Սինգապուր։

Կորպորատիվ և հիմնադրամների սպասարկման ծառայություններ մատուցող միջազգային Anderson Global ընկերության ղեկավար Այրիս Սյուն այս շաբաթ 10-ից 20 ընտանեկան գրասենյակների հարցումներ է ստացել՝ ակտիվները Դուբայից Սինգապուր վերադարձնելու վերաբերյալ։

Ակտիվների կառավարման մեկ այլ մասնագետ Reuters-ին հայտնել է, որ ԱՄԷ-ում գտնվող իր 13 հաճախորդներից, որոնց հետ նա զրուցել է, կեսից ավելին լրջորեն են տրամադրված ակտիվները Սինգապուր տեղափոխելու հարցում։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր կառավարիչներն ու նրանց հաճախորդներն են մտահոգված։ Դուբայում տեղակայված WRISE Private Middle East ակտիվների կառավարման խմբի գլխավոր տնօրեն Դհրուբա Ջիոտի Սենգուպտան Reuters գործակալությանը հայտարարել է, որ ինքը չի տեսել «կապիտալի փախուստի մասին լուրջ քննարկումներ», և որ հաճախորդները վստահ են ԱՄԷ-ի «երկարաժամկետ կայունությանը»։

Ինչպես հայտնում է Reuters-ը, GrandWay ընտանեկան գրասենյակի համահիմնադիր Ջերեմի Լիմը հայտարարել է, որ Աբու Դաբիում ընտանեկան գրասենյակ բացելու իր ծրագրերը մնում են անփոփոխ՝ քանի դեռ «ԱՄԷ-ն ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության մեջ և թույլ չի տալիս Իրանի կողմից հետագա էսկալացիան»։