ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Գանան շաբաթ օրը դատապարտել են նախորդ օրը Լիբանանի հարավում գտնվող ՄԱԿ-ի բազայի վրա իրականացված հարվածը, որի հետևանքով ծանր վիրավորում են ստացել ՄԱԿ-ի երեք գանացի խաղաղապահներ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Գանան հայտարարել է, որ պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին: Բողոքի մեջ պահանջվում է «բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, քանի որ հարձակումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, հավասարազոր է պատերազմական հանցագործության և խաթարում է Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ անձնակազմին տրամադրվող պաշտպանությունը»:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը խաղաղապահների վրա հարձակման մեջ մեղադրել է Իսրայելին, իսկ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հայտարարել են, որ հետաքննություն կսկսեն:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Գուտերեշը «դատապարտում է ուրբաթ օրը՝ մարտի 6-ին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երեք գանացի խաղաղապահներ են վիրավորվել Լիբանանի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Քաուզայի իրենց դիրքում»:
«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ի անձնակազմի և գույքի անվտանգությունը պետք է պահպանվի ցանկացած ժամանակ, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: ՄԱԿ-ի օբյեկտների անձեռնմխելիությունը պետք է հարգվի բոլորի կողմից»,- նշել է Դյուժարիկը:
Գանայի բողոքի մեջ հաղորդվում է, որ հարվածի ժամանակ UNIFIL-ի բազայի տարածքում գտնվող սպայական ճաշարանի շենքը հիմնահատակ այրվել է: Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև բախումների ժամանակ:
ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերը 1978 թվականից ի վեր որպես բուֆերային գոտի են գործում Իսրայելի և Լիբանանի միջև: Ուրբաթ օրը Միավորված ազգերի կազմակերպությունը պահանջել է անհապաղ հետաքննություն անցկացնել Լիբանանի տարածքին իսրայելական մահաբեր հարվածների շարքի վերաբերյալ:
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը հակամարտող կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել էսկալացիան և լիարժեքորեն կատարել Անվտանգության խորհրդի 1701 բանաձևով ստանձնած իրենց պարտավորությունները»:
ՄԱԿ-ի այս բանաձևն ուղղված է եղել 2006 թվականին Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտության դադարեցմանը: Այն հիմք է հանդիսացել 2024 թվականին «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի համար:





























