ԱՄՆ զինված ուժերը կարող էին «Tomahawk» թևավոր հրթիռ կիրառել Իրանի հարավում գտնվող դպրոցին հասցված հարվածի ժամանակ։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի կողմից հարցված փորձագետները վերլուծել են փետրվարի 28-ի ավիահարվածների տեսանյութերը, որոնք հրապարակել էր Mehr գործակալությունը։ Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի աշխատակից Սեմ Լեյրը տեսագրության մեջ պատկերված զինամթերքի մեջ ճանաչել է հենց այդ հրթիռը։

«Նախ՝ այն համապատասխանում է TLAM-ի (ցամաքային թիրախների խոցման համար նախատեսված Tomahawk-ի մոդիֆիկացիա) տեսողական բնութագրերին։ Խաչաձև տեսք՝ կենտրոնում տեղակայված թևերով և պոչային հարթակով», — նշել է նա։ «Երկրորդ՝ տեսանյութը նկարահանվել է հարվածի հավանական կետից մոտ 250 մետր հեռավորության վրա։ Դա նշանակում է, որ զինամթերքը պետք է մեծ լինի։ Սա բացառում է ԱՄՆ զինանոցում առկա նմանատիպ տեսողական բնութագրեր ունեցող այլ զինամթերքները, ինչպիսիք են GBU-69B [պլանավորող ավիառումբերը]», — հավելել է փորձագետը։

CNN-ն ընդգծում է, որ հրապարակված կադրերի հիման վրա հնարավոր չէ հստակ եզրակացնել, թե կոնկրետ որ շենքն է թիրախավորվել։ Այնուամենայնիվ, տեսանյութի տեղորոշումը փաստում է, որ հարվածը կարող էր հասցված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածքում գտնվող բժշկական կլինիկային կամ դրան հարակից հատվածին։

Փորձագետ Լեյրը նշել է, որ տեսանյութում բուն դպրոցին հասցված հարվածը ֆիքսված չէ, սակայն դա կարող էր տեղի ունենալ միևնույն գրոհի շրջանակում, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կիրառվել են նմանատիպ զինատեսակներ։

Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են հարվածել դպրոցին՝ հնացած հետախուզական տվյալների պատճառով։ Նախնական հետաքննության տվյալներին տիրապետող աղբյուրի փոխանցմամբ՝ ուսումնական հաստատությունը նշված է եղել որպես հարևանությամբ գտնվող իրանական ռազմաբազայի մաս։