ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կքննարկի նավթի գների զսպման մի շարք տարբերակներ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Այս նախաձեռնությունը արտացոլում է Սպիտակ տան մտահոգությունները, որ նավթի գների աճը բացասաբար կանդրադառնա ամերիկյան բիզնեսի և սպառողների վրա նոյեմբերին անցկացվելիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, երբ հանրապետականները հույս ունեն պահպանել Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը։
Վաշինգտոնում ԱՄՆ պաշտոնյաները G7-ի իրենց գործընկերների հետ քննարկել են ռազմավարական պաշարներից հում նավթի հնարավոր համատեղ թողարկումը։ Աղբյուրները նշել են, որ դա քննարկվող մի քանի տարբերակներից մեկն է։
Այլ միջոցառումներից են ԱՄՆ արտահանման սահմանափակումները, նավթի ֆյուչերսների շուկայում միջամտությունը, դաշնային հարկային մասնակի ազատումը և Ջոնսի ակտի չեղարկումը, որը պահանջում է, որ վառելիքը ներքին երթուղիներով տեղափոխվի միայն ԱՄՆ դրոշի տակ նավարկող նավերով, նշել են աղբյուրները։
Վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ միջոցառումները սահմանափակ ազդեցություն կունենան համաշխարհային նավթային շուկաների վրա, քանի դեռ ռազմական գործողությունները խոչընդոտում են Մերձավոր Արևելքի նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով, որը կազմում է համաշխարհային մատակարարման մեկ հինգերորդը։
«Սպիտակ տունը շարունակական համակարգման մեջ է համապատասխան գործակալությունների հետ այս կարևոր հարցի շուրջ, քանի որ դա նախագահի գերակա խնդիրն է,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Թեյլոր Ռոջերսը: -Նախագահ Թրամփը և նրա էներգետիկ թիմը էներգետիկ շուկաները կայունացնելու հստակ ծրագիր ունեին դեռևս «Էպիկական ցասում» գործողությունից շատ առաջ, և նրանք կշարունակեն քննարկել բոլոր հուսալի տարբերակները»,- հավելել է Ռոջերսը՝ նկատի ունենալով Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ ռազմական գործողությունները:



























