Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում, այսօր` փետրվարի 16-ին, տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհուրդն հաստատել է  ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաեւ 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով  նախորդ տարվա գործունեությունը, նշել է, որ կենտրոնի կողմից գերակա է եղել միջ ազգային համագործակցության ընդլայնումն ու որակավորումների ճանաչման գործընթացը:

Հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել  են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ եւ ներկայացվել իրավասու կառույցներին:

ԱՓՇԱՏԿ-ի 2012 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ եւ կազմում է մոտ 4 մլն դրամ: