Տնտեսական աճը Հայաստանում, ըստ էության, ապահովվում է մի քանի ոլորտների հաշվին ու այդ մի քանի ոլորտներում կենտրոնացվածության մակարդակը որոշակի մտավախություններ է առաջացնում աճի ներառականության և տարածվածության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես շինարարության ոլորտի, ծառայությունների ոլորտի մասին է։
Անդրադառնալով նրան, որ Իրանում հակամարտության հետևանքով հնարավոր է հոսք լինի դեպի Հայաստան, ԿԲ նախագահն ասաց. «Մարդիկ, որոնք կարող են տեղափոխվել Հայաստան, մենք հլը որ չենք տեսնում թվերի մեջ ծավալների այն մակարդակը, որը մեզ կարող է բերել այն մտահոգիչ իրավիճակի, որ արտաքին պահանջարկը այնքան բարձր է լինելու, որ գնաճը հավելյալ գնալու է վերև։ Իհարկե, մենք այդ սցենարը քննարկում ենք, ինչպես արել ենք 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ժամանակաշրջանում։ Երկու տեսակետ կար, մեկը այն էր, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը վատթարանալու է, որի արդյունքում արտաքին պահանջարկը Հայաստանի նկատմամբ լինելու է ավելի ցածր ու ինքը բերելու է գնանկումային երևույթների, երկրորդը այն էր, որ քիչ հավանականությամբ, կարող է մարդկանց հոսք լինել։ Այդ ժամանակ դեռ ոչ մեկս չէինք կարողանում այդպես մեծ հավանականությամբ կանխատեսել, որ ռուսները կտեղափոխվեն Հայաստան բավականին մեծ քանակությամբ, բայց Ռուսաստանից, նաև կոնֆլիկտի հարակից երկրներից մարդիկ տեղափոխվեցին Հայաստան շատ կարճ ժամանակահատվածում, որը գնաճի միանգամից կտրուկ ավելացման բերեց։
Այս պահի դրությամբ, ըստ էության համարյա երեք շաբաթ կոնֆլիկտը տևում է արդեն, մենք դեռևս չենք տեսնում այն հոսքը, որը որ մեզ կբերի այն մտքին, որ մենք արտաքին պահանջարկով պայմանավորված էական գնաճային ճնշումներ ենք ունենալու։ Բնականաբար եթե ունենանք, արձագանքը կլինի ադեկվատ այդ զարգացումներին, բայց չենք ուզում ինչ-որ բան անենք, որը չի բխում իրավիճակի ամբողջական հասկացված լինելուց»,–ասաց նա։





























