ԱՄՆ-ը Իրանի հետ զինված հակամարտության չորս շաբաթվա ընթացքում իսլամական հանրապետության ուղղությամբ արձակել է ավելի քան 850 Tomahawk թեւավոր հրթիռ։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի սպառման այս տեմպը մտահոգել է ԱՄՆ պաշտպանական ոլորտի մի շարք պաշտոնյաների եւ քննարկումներ է առաջացրել Պենտագոնի մարտական պատրաստվածությունը բարելավելու վերաբերյալ։ Աղբյուրների համաձայն՝ այդ հրթիռների մեծ մասը արձակվել է Թեհրանի դեմ ռազմական գործողության առաջին օրերին։
Չնայած Պենտագոնը չի հրապարակում ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող հրթիռների քանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ, հայտնի է, որ տարեկան արտադրվում է ընդամենը մի քանի հարյուր նման հրթիռ, նշել է պարբերականը։
Աղբյուրներն ընդգծել են, որ պաշտպանության նախարարությունը հետեւում է օգտագործվող հրթիռների քանակին եւ գնահատում, թե ինչպես դրանց սպառման տեմպը կազդի Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ արշավի եւ հնարավոր ապագա ռազմական գործողությունների վրա։ Մի պաշտոնյա ներկա թիվը բնութագրել է որպես «տագնապալիորեն ցածր», երկրորդը նշել է, որ Պենտագոնը շուտով կսպառի իր Tomahawk հրթիռների պաշարները Մերձավոր Արեւելքում։




























