Ֆիլիպինների միակ նավթավերամշակող ընկերությունը՝ Petron-ը, Ռուսաստանից գնել է 2,48 միլիոն բարել հում նավթ։ Հարավարևելյան Ասիայի այս երկիրը փնտրում է այլընտրանքային մատակարարներ՝ Իրանում բռնկված պատերազմի պայմաններում ներքին էներգետիկ կարիքները հոգալու համար, գրում է Bloomberg գործակալությունը։

«Եթե ընթացիկ ճգնաժամը պահպանվի, իսկ նավթի այլընտրանքային աղբյուրներն անհասանելի մնան կամ չբավարարեն, Petron-ը կարող է կրկին ստիպված լինել դիտարկել ռուսաստանյան հում նավթի գնման հնարավորությունը՝ երկրում վառելիքի մատակարարումներն ավելացնելու համար»,- ասված է շուկայի կարգավորողներին ուղղված San Miguel մայր ընկերության հայտարարության մեջ։

Ըստ մայր ընկերության, հում նավթը կհամալրի Petron-ի նավթամթերքի պաշարները մինչև հունիս։ Նրանք հավելել են, որ գնումն իրականացվել է «բացառապես ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով»։

Փետրվարի 28-ին՝ այն նույն օրը, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական արշավ սկսեցին Իրանի դեմ, Petron-ը տեղեկացվել էր, որ 2 միլիոն բարել հում նավթի խմբաքանակը չի կարողացել անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով, քանի որ Իրանը հայտարարել էր դրա փակման մասին։ Ըստ ընկերության հայտարարության, մարտի 7-ին չեղարկվել է նաև հում նավթի 2 միլիոն բարելանոց երկրորդ խմբաքանակը՝ Կարմիր ծովում և Հորմուզի նեղուցում մեծացած ռիսկերի պատճառով։

Ֆիլիպինները, որը նավթի իրը պահանջարկը գրեթե ամբողջությամբ հոգում է Մերձավոր Արևելքից, փորձում է այլընտրանքային աղբյուրներ գտնել մատակարարումների հետ կապված իրավիճակը թեթևացնելու համար։ Ստեղծված վիճակի պատճառով կառավարությունն էներգետիկ արտակարգ դրություն է հայտարարել։ Մանիլան բանակցություններ է վարում նաև Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից և Հնդկաստանից վառելիք մատակարարելու շուրջ։ Մարտի 20-ի դրությամբ երկիրն ուներ նավթի 45 օրվա պաշար։

Այս շաբաթ երկիրը կստանա ավելի քան 1 միլիոն բարել ծավալով իր պատվերի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը։ Այս մասին կիրակի հայտնել է գործադիր քարտուղար Ռալֆ Ռեկտոն՝ մատնանշելով էներգետիկայի նախարար Շարոն Գարինի գլխավորած պաշտոնյաների ջանքերը «նավթային դիվանագիտության» ոլորտում։