Իսրայելական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Kan 11 հեռուստաալիքը, մարտի 30-ի երեկոյան մեջբերել են անվտանգության աղբյուրին, որը պնդում է, թե «Իսրայելը մոտ է Իրանի հետ պատերազմում իր բոլոր նպատակներին հասնելուն»։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելն այժմ կենտրոնացած է «ձեռքբերումներն ամրապնդելու» վրա, որպեսզի նախագահ Թրամփին թույլ տա Իրանի վրա ճնշում գործադրելով համաձայնության հասնել, ներառյալ՝ միջուկային ծրագրի շուրջ։

Channel 11-ի լրագրող Իտայ Բլումենտալը հայտնել է նաև, որ մինչ ԱՄՆ-ն պատրաստվում է ցամաքային գործողության, Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզությունն ամերիկացիներին տեղեկատվություն է տրամադրում Հորմուզի նեղուցի և Խարգ կղզու մասին, ինչը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս իրականացնել գործողություն, հնարավոր է՝ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, եթե բանակցությունները ձախողվեն։

Մարտի 30-ին Ynet-ը, հղում անելով «բարձրաստիճան աղբյուրին», հաղորդել է, թե Իսրայելը ԱՄՆ կառավարությանը հստակեցրել է, որ կընդունի Իրանի հետ պատերազմի վերաբերյալ Վաշինգտոնի ընդունած ցանկացած որոշում։ Աղբյուրը նշել է, որ այս անգամ Իրանի հետ հունիսյան պատերազմի սցենարը, երբ ԱՄՆ նախագահն Իսրայելին ստիպեց հետ մղել արդեն Իրան ուղևորվող ինքնաթիռները, չի կրկնվի։ «Դա այդպես չէ։ Հենց որ Թրամփը որոշում ընդունի, մենք համապատասխանաբար կգործենք։ Մինչ այդ, փորձում ենք սպառել թիրախային պաշարները»։

Միևնույն ժամանակ, անվտանգության աղբյուրը հայտարարել է, որ հրթիռային հարձակումների համար ռազմական լուծում չկա։ Նա հավելել է, որ Իրանը կդադարեցնի ռազմական արշավը, երբ ռազմական և տնտեսական պարտություն կրի։