Իրանի հետ պատերազմի չորրորդ շաբաթն է ավարտվում։ Աշխարհը գուշակում է, թե էլ ինչ կձեռնարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի ռազմական փորձագետ Ջոն Սփենսերի կարծիքով՝ նա երեք տարբերակ ունի, գրում է գերմանական Bild պարբերականը։
Տարբերակ 1. ԱՄՆ-ը գրավում է ռազմավարական նշանակություն ունեցող նավթային կղզիները
«Փորձագետները վաղուց Աբու Մուսան, ինչպես նաև Մեծ և Փոքր Թումբները ռազմավարական նշանակություն ունեցող (կղզիներ) են անվանում»,- ասում է Սփենսերը։ Կղզիները ոչ միայն նավթ են պարունակում, այլև ռազմական և վերահսկողության ենթակառուցվածքներ ունեն։ Դրանց գրավումը Իրանին կզրկի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունից և եկամտի զգալի աղբյուրից։ Թեհրանը յուրաքանչյուր անցնող նավի համար մինչև երկու միլիոն ԱՄՆ դոլարի սակագին է սահմանել։ Ինչպես ասում է Սփենսերը, «այդ համակարգը կարող է ոչնչացվել՝ ղեկավարությանը, հսկողության սարքավորումներին, հրամանատարական կենտրոններին և ներգրավված ստորաբաժանումներին հասցվող հարվածների միջոցով»։
Տարբերակ 2. Խափանել էլեկտրաէներգետիկ ցանցը և Իրանի համար blackout ստեղծել
«Ռեժիմի հաղորդակցական ցանցերի խափանումը՝ միաժամանակ արտաքին համակարգերի միջոցով պահպանելով կապը բնակչության համար», ըստ Սփենսերի, կարող է հզոր զենք դառնալ։
Տարբերակ 3. ԱՄՆ-ը ոչնչացնում է Իրանի նավթային տնտեսությունը
ԱՄՆ-ն կարող է կտրել մոլլաների եկամտի հիմնական աղբյուրը և այդպիսով, հնարավոր է, նույնիսկ տապալել նրանց ռեժիմը: Այս սցենարում հիմնական ռազմական թիրախը Պարսից ծոցում Խարգ կղզին է: Խարգը կարևոր դեր է խաղում իրանական նավթի արտահանման գործում: Կղզու տերմինալները սպասարկում են ծովային փոխադրումների մինչև 90%-ը: Եթե ԱՄՆ-ին հաջողվի գրավել կամ ոչնչացնել Խարգի նավթային ենթակառուցվածքները, Իրանի տնտեսությունը կփլուզվի: «Սա կարևոր է, քանի որ ռեժիմն արդեն իսկ փխրունության նշաններ է ցույց տվել տնտեսական ճնշման տակ»,- ասում է Սփենսերը:
Ըստ Թրամփի՝ կղզու ռազմական թիրախներին երկու շաբաթ առաջ արդեն հարվածել են ամերիկյան հրթիռներով: Սակայն նավթի պահեստարանները հարձակման չեն ենթարկվել:



























